Հայտնի է, որ Հանրապետական կուսակցության իշխանազավթման տարիներին կայացվեց ու կատարելագործվեց այսպես կոչված` «գծատեր» հասկացությունը: Գաղտնիք չէ նաև, որ այդ «ինստիտուտը» ՀՀԿ-ի ֆինանսական աղբյուրներից մեկն էր (անգամ խոսվում էր տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների մասին):
 
Նոր Հայաստանում այդ ինստիտուտը շարունակում է գործել, հին գծատերերը իրենց բավական կոմֆորտ են զգում նոր պայմաններում, չնայած այն հանգամանքին, որ գծի համար պայքարը սրվել է, ավելացել են նաև նորերը, որոնք հովանավորվում են ներկայիս իշխանությունների կողմից: Ի վերջո, ժամանակին քննադատելով Հանրապետականներին՝ նրանք ճիշտ էին. բիզնեսն անչափ եկամտաբեր է և այստեղ սեփական ոտքը «պնդացնելը» չի խանգարի անգամ հեղափոխական պաշտոնյաներին:
 
Ովքե՞ր են նոր Հայաստանի գծատերերը:  Արդեն իսկ անդրադարձել էինք Երևանի տրանսպորտային ցանցի սեփականատերերին, այժմ վերլուծության առարկան միջմարզային ուղևորափոխադրումներ կատարող ընկերություններն են: Օրինակ, Երևան-Արմավիր միջմարզային երթուղին սպասարկում է «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն: Մամուլում հրապարակումներ եղան կապված ՍՊԸ սեփականատեր Շուշաննա Խաչատրյանի և հեղափոխական իշխանությունների ջերմ հարաբերությունների մասին:
 
Այս ընկերությունը սպասարկում է նաև Երևան-Արտաշատ և Արարատ-Երևան գիծը և այստեղ է, որ լուրջ բախումների մեջ է մեկ այլ ընկերության՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող «Լիգա» ՍՊԸ-ի հետ: Իրավաբանական անձանց պետական ռեսգիստրի գործակալության տվյալներով՝ «Լիգա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին: Հիմնադիրներ Զավեն Նիկոյանն ու Իվան Նիգոյանը հետագայում դադարեցրել են իրենց մասնակցությունը ընկերությունում: Երբ Արտաշատ համայնքը ղեկավարում էր Հովիկ Արահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, քաղաքապետարանը հաճախ էր պայմանագրեր կնքում այս ընկերության հետ: «Լիգա» ՍՊԸ-ն իր ավտոբուսներով տարբեր ծառայություններ էր մատուցում քաղաքապետարանին:
«Յուտ-Էլ» ՍՊԸ-ն իրականացնում է Երևան-Ջրվեժ, Երևան-Գառնի, Երևան-Ողջաբերդ, Երևան-Հացավան երթուղու սպասարկումը: Այս ընկերությունում 100 տոկոս մասնաբաժին ուներ ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանը , ով նաև տարիներ շարունակ փոքր հէկ-երի բիզնեսով է զբաղվել; Տրանսպորտի նախարարությունը նրան տրամադրել է տրանսպորտային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա:
 
Երևան-Վանաձոր գիծը սպասարկում է «Գասուռ» ՍՊԸ-ն, որը կապվում է 2000-ականներին ՔԱԳՎ պետի տեղակալ Արամ Մարությանի անվան հետ:
Երևան-Ստեփանավան գիծը սպասարկում է «Անդավ» ՍՊԸ-ն: ՍՊԸ-ի տնօրենն Անուշավան Նիկողոսյանն է, ով ժամանակին Լոռու մարզում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու անհաջող փորձ է կատարել:
 
 
Երևան-Մարտունի և Երևան-Վարդենիս գիծը սպասարկում է «Արսմաշ Ավտոն», որը պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ «Բոգո» մականունով հարազատներից մեկին: Նորագյուղցի «Բոգո»-ն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հովանավորյալն է և բազմիցս է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում, առավել հայտնի է՝ ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի՝ Փակ շուկայի մոտ կազմակերպված միտինգներից, ռազբորկաներից և տարատեսակ քրեական պատմություններից: Վերջինս լեզու է գտել նաև նոր իշխանությունների հետ, դրա մասին է վկայում թերևս հենց այն հանգամանքը, որ Բոգոյի՝ Ռուբեն Կոստանյանի մասով քրեական գործն ընդամենը վերջերս կարճվեց: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջատագով, Ռուբեն Կոստանյանի ընկեր, հումորիստ-նմանակող Արմեն Ավետյանն արդեն երկար ժամանակ է, ինչ ակտիվ զբաղված է Բոգոյի պաշտպանությամբ։
 
 
Իհարկե, միջմարզայինից զատ ուշադրության արժանի են նաև միջպետական ուղևորափոխադրումներ անող ընկերությունները, մասնավորապես՝ «Բաս Վոյաժ» ընկերությունը: Այս ընկերությունը փոխկապակցված է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի հետ։ Չնայած նրան, որ Մանուկյանի պաշտոնական կենսագրությունում գրված է, որ ինքը հիմնադրել է շատ նման անունով մեկ այլ ընկերություն՝ «Բուս Վոյաժ» ՍՊԸ-ն, նախորդ տարիներին հանդես է եկել նաև որպես «Բաս Վոյաժ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ։