Շաբաթներ շարունակ կորոնավիրուսի հարցը ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Մեզ համար հարցը բարդացավ, երբ հիվանդության դեպքեր գրանցվեցին հարևան Իրանում, ապա նաև Վրաստանում: Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հրավիրեց  կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ, որի ընթացքում, որոշվեց, որ երկու շաբաթով մասամբ դադարեցվելու է ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, օդային հաղորդակցության նկատմամբ կիրառելու են ոչ ամբողջական սահմանափակումներ:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Իրանի հետ սահմանային Մեղրի քաղաքի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ՝ պարզելու, թե կա՞ խուճապ բնակչության շրջանում, կանխարգելիչ ինչ միջոցառումներ են իրականացնում՝ հաշվի առնելով ռիսկային գոտի լինելը:

«Ապահովության բոլոր միջոցներն իրականացնում ենք, բայց ամեն դեպքում մենք սահմանին ենք ապրում և անհանգիստ ենք: Մեր տների պատուհաններից Իրանը երևում է, իսկ այնտեղ վիրուսն է տարածված, մարդիկ հիվանդանում ու մահանում են»,- ասաց Մխիթար Զաքարյանը:

 

Քաղաքապետի խոսքով՝ այս պահին սահմանը փակ է ուղևորների համար, իսկ բեռնափոխադրումները  շարունակվում են: 

«Մեղրիի անցակետում բեռնատարների վարորդների ջերմությունն են ստուգում և միայն դրանից հետո են նրանք շարունակում իրենց ճանապարհը: Ուզում եմ հատուկ նշել, որ հիմա շատ են քչացրել մեքենաները: Օրական ստուգում են 150-200  հոգու: Նախկինում հազարից ավել էր լինում»,-ընդգծեց քաղաքապետը:

 

Դիտարկմանը, թե եղել են դեպքեր, երբ վարորդները ջերմություն են ունեցել և տեղափոխվել են հիվանդանոց, Զաքարյանն ասաց, որ բնականաբար եղել են. «Նրանց տարել են Մեղրիի հիվանդանոց, հերքվել է կորոնավիրուսի առկայությունը, ինչից հետո նրանց բաց են թողել»:

 

Քաղաքապետը ընդգծեց, որ բնակիչները անհանգիստ են ու այդ անհանգստությունը ավելի քան հասկանալի է. «Ձեռնարկվում են բոլոր միջոցները, որպեսզի ապահովենք մեր քաղաքացիների անվտանգությունը»: