Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2020 թվականի ապրիլի 5-ին: «Այո՛»-ի քարոզարշավը մեկնարկելու է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից:

 

Սպասվող հանրաքվեի քարոզարշավի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի  թղթակիցը զրուցեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ:

- «Այո՛»-ի քարոզարշավը մեկնարկելու է Մեղրի քաղաքից: Սկսե՞լ եք նախապատրաստական աշխատանքները:

 

-Այո՛, համայնքապետարանը պետք է անձնագրային բաժնից ցուցակները ստանա, ընտրատեղամասերի տեխնիկական վիճակը ստուգի: Այդ ամենը սկսել ենք: Օրենքով մեզ վերապահված լիազորությունների սահմանում բոլոր աշխատանքներն իրականացնում ենք: Ընտրատեղամասերի վերաբերյալ տվյալներ ենք փոխանցել  ընտրական հանձնաժողովին: Ամեն ինչ բնականոն հունով է ընթանում:

 
 
 

-Ձեր մարզում և հենց Մեղրի քաղաքում բնակչության տրամադրվածությունն ինչպիսի՞ն է:

 

- Մեր համայնքում ընտրական բոլոր գործընթացները պատշաճ կարգով են անցել: Համայքի բնակիչները միշտ ակտիվություն են ցուցաբերում և մասնակցում ընտրություներին: Ավելին ասել չեմ կարող: 

 

-Այն, որ քարոզարշավը հենց Ձեր մարզից ու, մասնավորապես, Մեղրի քաղաքից է սկսվում, ավելացնո՞ւմ է պատասխանատվության զգացումը:

 

- Ամեն դեպքում հաճելի է, որ նման կարևոր իրադարձությունների մեկնարկը հենց մեր համայնքից է սկսվում: Մենք մայրաքաղաքից ամենահեռու համայնքն ենք, նաև փոքր համայնք ենք: Եվ, երբ նման կարևոր իրադրություններում  հիշում են մեզ, դա ոգևորիչ ու պարտավորեցնող է: 

 

-Կա նաև «Ո՛չ»-ի շտաբ: Նրանք հայտարարել են, որ ակտիվ քարոզչություն չեն ունենա: Այնուամենայնիվ, հավանակա՞ն է, որ նրանք շատ ձայներ ստանան Ձեր համայնքում:

 

-Ինչքան, որ շփվում եմ ազգաբնակչության հետ, կարող եմ ասել, որ դժվար թե այդպես լինի: Ավելի շատ համակրանքը «Այո՛»-ի կողմն է: Իմ անձնական կարծիքով՝ «Այո՛»-ի հնարավորություններն ավելի շատ են: 

 

-Ընտրողների մասնակցության ինչպիսի՞ ակտիվություն եք ակնկալում:

 

-Չեմ կարող ասել, թե որքանով կմասնակցեն ընտրություններին, բայց, վստահաբար, կարող եմ ասել, որ մեր համայնքը նախորդ ընտրություններում մշտապես մասնակցության  ամենաբարձր ակտիվությունն է ցուցաբերել: Կարծում եմ՝ այս անգամ էլ բացառություն չի լինի: