Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախորդ տարի հայտարարել էր, որ Երևանի հանրային այգիներում կան մի քանի հազար քմ մակերեսով սեփականաշնորհված հողատարածքներ, որոնց սեփականատերերի հետ բանակցություններ են տարվում՝ քաղաքի այլ հատվածներում նույն չափով տարածքների հետ փոխանակելու համար։ «Գալիս են մարդիկ, որոնք այգու մեջ ունեն 2000, 3000 քմ սեփականաշնորհած հող՝ հանրային այգու մեջ։ …. Շատ և շատ տնտեսվարող սուբյեկտներ, բիզնեսմեններ, հասկանալով, որ ես վճռական եմ, մեր թիմը վճռական է, իրենք էլ հասկանալով, որ ոչ մի շահ՝ բացի համայնքի շահից չենք հետապնդում, ասում են՝ եկեք էսպես անենք՝ էս 2-3 հազ քմ-ը տամ համայնքին հետ, դուք ինձ մի ուրիշ տեղ էտ նույն չափով տվեք, մենք էնտեղ կառուցենք շենք։ Եվ մենք գնում ենք համագործակցության»,- ասել էր Մարությանը։
 
Մարությանը նաև հայտարարել էր, որ քաղաքապետարանը նախկինում աճուրդի է հանել կանաչ տարածքներ, որոնք ոչ պատահական մարդկանց են վաճառվել կադաստրային գնով՝ շուկայականից «10, 20, 30, 50 անգամ ավելի էժան»։ «Իրենք գնում էին ու գցում էին մի կողմ։ Տարիներ անցան նոր են եկել շինթույլտվություն ստանալու»,- ասել էր Մարությանը։
 
Սեփականաշնորհված հողատարածքներից մեկը գտնվում է Նոր Նորքի Գայի պողոտայի 19/72 հասցեում՝ Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի միջև ընկած զբոսայգում։ Տարածքի մակերեսը 2,000 քմ է։ Այն 2008-ի դեկտեմբերին Ստանիսլավ Հովակիմյանին է վաճառել Տիգրան Ռաֆիկի Սարգսյան անունով անձը՝ 270 մլն դրամով: Հովակիմյանը նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի («Դերժավայի Արկադի») հայրն է։ Մյուս տարածքը գտնվում է Զբոսայգում, որտեղ խոշոր վարձակալներից մեկն էլ Արմինե Հովակիմյանն է՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնիհիմնադիրն ու տնօրենը: Վերջինս էլ Արկադի Համբարձումյանի քույրն է: Արմինե Հովակիմյանի վարձակալած տարածքն, ըստ գործող պայմանագրի, կազմում է 1352,33 քմ, որը զբաղեցնում է KFC արագ սննդի ռեստորանը:
 
Մոսկովյան 4/1 հասցեում է գործում «Ռիալտո» սրճարանը, որի զբաղեցրած 463,18 քմ մակերեսով տարածքը վարձակալության իրավունքով տրվել է «Երևանյան երեկոներ» ՍՊԸ-ին: Երևանի քաղաքապետարանի և ընկերության միջև գործող պայմանագիրը կնքվել է 2019 թվականի ապրիլին, սակայն ընկերությունը Օղակաձև զբոսայգու երկրորդ հատվածում տարածք է վարձակալել դեռևս 2001 թվականից: «Երևանյան երեկոներ» ՍՊԸ-ն հիմնադրել է Կարեն Քեհյանը 2000 թվականին և եղել է ընկերության միակ սեփականատերը: 2011 թվականի հունիսից ընկերության 50-ական տոկոս բաժնեմասի սեփականատերերը Դավիթ Արզումանյանն ու Լուսինե Գրիգորյանն են:
Երևանում սեփականաշնորհված հողատարածքներից ամենախոշորը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի փողոցի 56/1 հասցեում: Հողատարածքը 2016-ի հունիսի 2-ին ձեռք է բերել Նատալի Վարդանի Մնացականյանը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Մնացականյանը հաղթել էր աճուրդը և տարածքի համար վճարել 30,441,096 դրամ: Նատալի Մնացականյանը 2011-ին համահիմնադրել է «Սիլվեռ գլաս» ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում «Յունոնա» քիմմաքրման ծառայության անունով։ Նրա մայրը՝ Էլյանորա Մնացականյանը, հանդիսանում «ՄԱԱ Գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր:
Սրանք միակ դեպքերը չեն, իհարկե: Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի շենքում և հարակից՝ «Վարդավառի» զբոսայգում, թաղապետարանն ու Երևանի ավագանին, տարիներ շարունակ, մի շարք տարածքներ են օտարել կամ վարձակալությամբ հանձնել նախկին թաղապետ՝ ՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներին։ 2009-ին Էրեբունու թաղապետարանը գույքի առքուվաճառքի պայմանագիր է ստորագրել քաղաքացի Գառնիկ Ավետիսյանի հետ։ Գնորդը, որպես սեփականություն, ձեռք է բերել Սասունցի Դավթի 87 հասցեում գտնվող անշարժ գույքը, որն ունի 0.0061 հեկտար (61 քառակուսի մետր) մակերեսով հողատարածք ու 58 քառակուսի մետր տարածքով խանութ։ Գույքի վաճառքի գինը կազմել է 2.8 միլիոն դրամ։ Գառնիկ Ավետիսյանը Սեդրակյանների ընտանիքի մերձավորներից է, նաև բաժնեմաս ունի Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունում՝ Բիդեք-ում։
 
Իհարկե, նման իրավիճակներից կարելի կլիներ խուսափել, եթե համայնքի սեփականություն հանդիսացող հողի օտարման գործընթացը լիներ թափանցիկ և առանց կոռուպցիոն ռիսկերի: Սակայն, պետք է փաստել, որ Նոր Հայաստանում էլ այդ կոռուպցիոն ռիսկերը պահպանվում են, համայնքների ղեկավարներն ազատորեն տնօրինում են հողամասերի ճակատագրերը, և կարող են դրանք անգամ նվիրաբերել, ինչպես արել է Գորիսի համայնքապետարանը:
Կամ, օրինակ, տրամադրել վարձակալության՝
 
Ի դեպ, սույն քաղաքացու մասին բաց աղբյուներից ինֆորմացիա փնտրելիս գտանք հետևյալը: Նույն անունով-ազգանունով անձը հանդիսանում է «Խայթ» ՀԿ-ի տնօրեն:
Իսկ ինքը՝ ՀԿ-ն, նշվում է որպես կրոնական:
Էջմիածնում պատկերը կրկին նույնն է: Ավագանին որոշումներ է կայացնում՝ առանց մրցույթի համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը այս կամ այն ՍՊԸ-ին տրամադրելու: