Մեր հարցն ավելի գլոբալ է։ Այս մասին այսօր ԱԺ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի բողոքի ակցիա իրականացնող բժիշկներից մեկը։

«Այս պայքարը տարուց ավել տևում է։ Խնդիրն այն է, որ մենք ուզում էինք, որ մեր հետ այդ հարցը քննարկեին, նոր որոշումը կայացնեին, այդ որոշումը կայացվել է առանց մեր ձայնը լսելու։ Առանց մեր ձայնը լսելու մեզ ասում են՝ կմիացնենք, հետո հարցեր կլինեն, կգաք, կուղղենք։ Ինչո՞ւ, եթե կարելի էր հենց սկզբից մեզ հետ քննարկել։ Այսպիսի մի խնդիր էլ կա, ինչո՞ւմն է նպատակը հենց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելը։ Դե մենք էլ ասում ենք միացրեք օրինակ «Աստղիկ» հիվանդանոցին՝ ինչո՞ւ չեք միացնում»,-ասաց աշխատակիցը։

Հարցին, թե իրենք ի՞նչ առաջարկներ կներկայացնեին կառավարությանը, աշխատակիցը պատասխանեց․ «Մեր հարցադրումները դրված են մեր կայքում, մենք ուզում ենք կետ առ կետ քննարկել այդ հարցերն իրենց հետ»։

Դիտարկմանը, թե մի քանի օր առաջ իրենք կառավարության դիմաց ակցիա են իրականացրել, ինչ արդյունքներ ունեցան, աշխատակիցը պատախանեց․ «Ոչ մի»։

Հարցին, թե որքան կշարունակվեն այս բողոքի ակցիաները, աշխատակիցն ասաց՝ մինչև որ իրենց բողոքի ձայնը տեղ հասնի։