Իսրայելում հաստատել են COVID-19-ով վարակման երեք նոր դեպք. ախտահարվածների թվում է մի աղջիկ, որը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ), այդ պատճառով կարանտինի են տեղավորել 300-ից ավելի իսրայելացի զինվորականների, մարտի 2-ին գրում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության տվյալները:

Այսպիսով, այդ երկրում վարակվածների թիվը հասել է 10-ի, նշում է հրատարակությունը: Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկու նոր հիվանդացածներն Իտալիա կատարած ուղեւորությունից փետրվարի 27-ին վերադարձել էին El Al ավիաընկերության չվերթով: Ենթադրաբար, նրանք վարակվել են՝ հենց գտնվելով Եվրոպայում:
Երրորդ նոր դեպքն Իսրայելի պաշտպանության բանակում ծառայած աղջիկ է: Նա, հավանաբար, շփվել է վիրուսով վարակված մարդու հետ: Այդ պատճառով, բժիշկները համենայն դեպս կարանտինի են ենթարկել ՑԱԽԱԼ-ի 334 զինվորականների:

Ավելի վաղ հայտնել են, որ աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը շարունակում է աճել եւ մարտի 2-ի առավոտյան գերազանցել է 88,4 հազարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: