Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների չափը՝ 01.07.2019 թվականից մինչեւ 31.01.2020 թվականը (7 ամսվա ժամանակահատվածում):
 
Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 2019 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2020 թ. հունվարի 31-ը, ներառյալ պարգեւավճարների ընդհանուր չափը, կազմել է 82.992.200 ՀՀ դրամ (շուրջ 174 հազար դոլար):
 
Իհարկե, այս թվերը զարմանք են առաջացնում առաջին հերթին այն պարզ պատճառով, որ շարքային հպարտ քաղաքացիները չեն հասկանում, թե Սինանյանի և նրա ղեկավարած գրասենյակի որ հաջողված գործերն են այդքան բարձր գնահատվել կառավարության կողմից: Գուցե, ՌԴ՝ պարբերաբար կատարվող այցերը, որոնց արդյունքների մասին հանրությունը ևս որևէ բան չի իմանում, թերևս այն պարզ պատճառով, որ դրանք, պարզապես, չկան: Իսկ գուցե՝ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախորդ տարվա գրանցած խայտառակ ցուցանիշներն են այդպես մոտիվացրել կառավարությանը և անձամբ Սինանյանին:
 
Հիմնադրամի հավաքած գումարը, ուղղակիորեն, խոսում է այն իրավիճակի մասին, որն այսօր առկա է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Կա ևս մեկ տարբերակ, այն, որ կառավարությունը ոգևորված է բուռն թափ հավաքած ներգաղթից: Ի դեպ, ներգաղթ մեզ խոստանում էր նաև Մխիթար Հայրապետյանը, խոսք էր գնում 5000 ընտանիքի մասին, որոնք անհամբերությամբ սպասում են Հայրենիք վերադառնալուն: Հետաքրքիր է, բայց Սինանյանը այսօր չի ցանկանում խոսել թվերով և նշել, թե որքան մարդ ի վերջո հայրենադարձվեց Սփյուռքից Հայաստան: Փոխարենը բավական մեծ թափ է հավաքել արտագաղթը, այստեղ, սակայն, ոչ թե Սինանյանի մեղքն է, այլ նրա աստղաբաշխական պարգևատրումների վրա աչք փակողներինը: Չգիտենք՝ հայրենադարձված մի քանի ընտանիքները ինչպես, սակայն արևմտյան ճոխություններին սովորող Սինանյանը, ինչպես երևում է, դժվար է ասիմիլացվում մայր Հայրենիքում և դա է պատճառը, որ սկզբնական շրջանում կառավարությունը նաև նրան է օգնության ձեռք մեկնել՝ ամսական 25 հազար դոլարի չափով…