2019 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման խախտման, ինչպես նաև չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումների քանակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

Նրա խոսքով' ՀԴՄ խախտումների բացահայտված դեպքերն աճել են շուրջ 14 տոկոսով, իսկ չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերը շուրջ' 55 տոկոսով:

Նա նշեց, որ 2019-ին հարկային մարմնում ներդրվել է նոր մոտեցում. նախքան համալիր հարկային ստուգումներ սկսելը, իրականացվում է հարկ վճարողի գործունեության մանրամասն վերլուծություն, առկա ռիսկերի մասով կազմվում է հարցաշար, տրամադրվում է ստուգող տեսուչներին:

«Գործընթացի շրջանակում 418 դեպքով նախաստուգումային վերլուծությամբ ի հայտ եկած ռիսկերը հաստատվել են, ինչի արդյունքում առաջացել է 3.7 միլիարդ դրամի լրացուցիչ պարտավորություն»,- ասաց Թամազյանը: