Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները փակել են գյուղի կողքով անցնող բարեկարգ ճանապարհը, որպեսզի մեքենաները շրջանցելով այն' անցնեն գյուղի միջի անբարեկարգ ճանապարհով:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ծովակի համայնքապետ Գարիկ Հակոբյանն ասաց, որ բողոքի ակցիա իրականացնող գյուղացիների պահանջն այն է, որ գյուղամիջի ճանապարհը ևս նորոգվի. «Գյուղացիները շարունակում են ճանապարհը փակ պահել, այս պահին իրենց մոտ ենք, այստեղ են նաև փոխմարզպետն ու ոստիկանապետը, որոք փորձում են բանակցություններ վարել, որպեսզի ճանապարհը բացեն: Ասում են՝ փակ են պահելու այնքան ժամանակ, մինչև հաստատ պատասխան տան իրենց, թե կոնկրետ երբ է վերանորոգվելու ճանապարհը: Ծրագիրը վաղուց կա, նախահաշիվը արված է, համաշխարհային բանկի միջոցով պետք է ճանապարհները նորոգվի, բայց դեռ մրցույթի չի դրվել, դրան ենք սպասում»,- ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ հարցի լուծումը օրերի խնդիր է, բայց համայնքի բնակիչները չեն ուզում համբերել. «Ասում ենք մի քիչ սպասեք, 10 օրվա մեջ մրցույթի կդնեն, բայց իրենք ուզում են կոնկրետ օր նշենք»,- նշեց համայնքապետը: