ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է բուժման կուրսը «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով պարոն Քոչարյանը հոսպիտալացվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնում, սակայն քանի որ այնտեղ հնարավոր չի եղել ախտորոշում անել, տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ։ Այսօր իրեն ավելի լավ է զգում, քան երեկ։ Հնարավոր է մի քանի օր ստացիոնար բուժում ստանա կախված է նրանից, թե ինչ որոշում կկայացնեն բժիշկները»,- ասաց Սողոմոնյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ վաղը՝ մարտի 10-ին կայանալիք դատական նիստին՝ Սողոմոնյանն ասաց․ «Այս պահին հստակ չեմ կարող ասել, որովհետև ամեն դեպքում բուժման կուրս է անցնում, չգիտեմ՝ հնարավոր կլինի գնալ դատարան, թե ոչ»,- նշեց նա։

Հիշեցնենք' ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։