Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա, իսկ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ վերադառնալ Հայաստան։
     Իտալիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ միջոցառումների պատճառով «Ռայանէյր» ավիաընկերությունը որոշում է կայացրել կասեցնել բոլոր երկրներից դեպի Իտալիա ժամանող և Իտալիայից մեկնող չվերթերը։ Մասնավորապես՝ չվերթերը կասեցվելու են ս. թ. մարտի 14-ից սկսած (այսինքն՝ վերջին չվերթը տեղի է ունենալու մարտի 13-ին) մինչև ապրիլի 8-ը (ներառյալ):
     Ինչ վերաբերում է Իտալիա-Հայաստան ավիաչվերթին, ապա ընդգծենք, որ «Ռայանէյր» ավիաընկերության կողմից դեպի Հայաստան վերջին չվերթը տեղի ունեցավ այսօր ժամը 21:40:

Հավանկանությունը մեծ է, որ այլ ավիաընկերությունները նույնպես նման քայլեր ձեռնարկեն և չեղարկեն թռիչքները Իտալիայից: Հետևաբար, կարևոր է, որ ՀՀ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան, քանի որ հետագայում հնարավոր է Իտալիայից մեկնող չվերթներ չլինեն:
     «Ռայանէյր» ավիաընկերությունը կտեղեկացնի բոլոր տուժած ուղևորներին չեղարկումների և հաջորդ քայլերի մասին։
     Նշենք, որ այն դեպքում, երբ ավիաընկերությունն է չեղարկում չվերթը, ուղևորներին պետք է առաջարկի այլընտրանքային տարբերակներ։ Ավիաընկերությունը կտեղեկացնի, թե ինչ հնարավորություններ կամ այլընտրանքային տարբերակներ են առաջարկվում։
     Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մարտի 10-ին գտնվել է Զվարթնոց օդանավակայանում, վերահսկել է Ռայանէյր ավիաընկերությամբ դեպի Իտալիա մեկնող և Իտալիայից ժամանող չվերթերը, տեղեկացրել COVID-19 կորոնավիրուսի վերջին զարգացումների մասին և հորդորել ՀՀ քաղաքացիներին չմեկնել Իտալիա»: