Կուրթան գյուղ՝ Մեխակ Առաքելյանի ընտանիքին են այցելել նաև ընդդիմադիրները և տուն հատկացնելու պատրաստակամություն հայտնել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Մեխակը, որին օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հանդիմանել էր այն բանի համար, որ նա, լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն՝ իրեն է դիմում։

Մեխակը նշեց՝ նման առաջարկով հանդես է եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արմեն Եղիազարյանն ասաց, որ ծանոթանալով խնդրին՝ իրենց համախոհները, կուսակցության համակիրները, այլ գործարարներ առաջարկել են լուծել տղայի տան հարցը․ «Այդ նպատակով ես երեկ խոսեցի համայնքի ղեկավարի հետ, ճշտեցի՝ արդյոք գյուղում կան չբնակեցված տներ, որոնք հնարավոր է գնել։ Պարզվեց՝ 5000-7000 դոլարի սահմանում կան տներ։ Եկանք, ընտանիքի հետ զրուցեցինք, ներկայացրինք մեր առաջարկը։ Իմ հանդիպումից հետո, իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանը եղավ այստեղ, որը, նույնպես, նման առաջարկով հանդես եկավ։ Ամենայն հավանականությամբ՝ խնդիրը կլուծվի։ Մի քանի հոգի կան, որոնք պատրաստ են ձեռք մեկնել, մենք ևս պատրաստ ենք միանալ, որպեսզի համատեղ ջանքերով փորձենք մեկ օր շուտ լուծել հարցը»,- նշեց նա։

Հարցին՝ որքան ժամանակից ընտանիքը հնարավորություն կունենա ունենալ նոր տուն, Եղիազարյանը հստակ չկարողացավ ասել․ «Պետք է ընտրել այնպիսի տուն, որն ունենա հողատարածք, որպեսզի չստացվի տունը եղավ, բայց իրենք շարունակում են մնալ անաշխատունակ վիճակում։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ պետք է ընտրել օպտիմալ տարբերակ»,- ասաց Եղիազարյանը։

ԼՀԿ պատգամավորը նկատեց՝ քանի որ նմանատիպ խնդիրներով ընտանիքները բազմաթիվ են, սա կարող է նախադեպ լինել, որպեսզի ֆոնդ ստեղծվի և ամեն անգամ որևէ ընտանիքի օգնություն ցուցաբերվի։


Սոնա Հարությունյան