Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք դեռ չի գրանցվել, այնուամենայնիվ փորձեցինք ճշտել՝ ինչ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում ԱՀ առողջապահության նախարարությունը:

«Քանի որ ՀՀ-ում կորոնավիրուսի 6 հաստատված դեպք կա, Հայաստանի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն անցակետերում մենք իրականացնում ենք ստուգող միջոցառումներ»,- ԼՈՒՐԵՐ.com հետ զրույցում ասաց ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցը:

Նրա տեղեկացմամբ' երկու անցակետերում՝ Քարվաճառում և Աղավնոյում շտապօգնության աշխատակիցները ջերմաչափում են մուտք գործող բոլոր քաղաքացիներին: Հարցին, թե հանրապետությունում վիրուսի կանխարգելման ինչ աշխատանքներ են տարվում պատասխանեց.

«Արցախի Հանրապետությունում առ այսօր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել: Նոր կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու նպատակով ԱՀ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվել անհրաժեշտ պարագաների պաշար ստեղծելու համար: Իրականացնում ենք մշտադիտարկում՝ հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական և նախադպրոցական հիմնարկներ հաճախող երեխաների նկատմամբ»:

Նշենք որ ՀՀ-ում կրթական բոլոր հաստատությունների աշխատանքները դադարեցվում են մինչև մարտի 23-ը, Արցախում այս հարցը դեռ քննարկվում է, որոշման մասին դեռ կհայտարարվի: