Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրինագիծ ՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Այժմ այդ փաստաթուղթը գնահատման կուղարկվի Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարան, այնուհետև կհանձնվի համառուսական քվեարկության, որից հետո այն վերջնականապես կընդունվի, գրում է tass.ru-ն:

Ավելի վաղ, Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ թեև նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն չկա, սակայն գործող Սահմանադրությունում պետք է կատարվեն մի շարք փոփոխություններ։ Ըստ այդ փոփոխությունների՝ Սահմանադրությունը պետք է ունենա առաջնահերթություն Ռուսաստանի իրավական տարածքում միջազգային իրավունքի նկատմամբ, բարձրաստիճան պաշտոնյաները պետք է չունենան օտարերկրյա քաղաքացիություն, նախագահության թեկնածուն առնվազն 25 տարի Ռուսատանում բնակված պետք է լինի, և, ի վերջո, հանել այն կետը, ըստ որի նույն անձը երկու ժամկետից ավելի «անընդմեջ» չի կարող ընտրվել նախագահ: