Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԵՐՔՈՒՄ.

Այսպես, ամենայն պատասխանատվությամբ ու մեկընդմիշտ հայտարարում եմ, որ իմ մայրը, ով Էջմիածնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է, երբևէ նոր կորոնավիրուսային վարակի առաջին դեպքին՝ այսքան քննարկվող կնոջը, չի հետազոտել: Վերջապես դադարեցրեք այս իրավիճակում մոլորության մեջ գցել հանրությանը և փորձել խաթարել նրանց հավատն առ պետական ու տեղական մարմիններ: Երեքշաբթի օրն այդ կինը գանգատներով դիմել է «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի թերապևտիկ բաժանմունք, անցել ստուգում բժիշկ-թերապևտի և ռենտգենոլոգի մոտ: Նրա մոտ անմիջապես ախտորոշվել է թոքաբորբ, նշանների մասին թերապևտը հեռախոսով տեղեկացրել է ինֆեկցիոն բաժանմունքի վարիչին՝ մայրիկիս, (ինֆեկցիոն բաժանմունքի վարչական շենքը, ի դեպ, գտնվում է քաղաքի մյուս ծայրում): Տեղեկանալով ախտանշաններին և այն հանգամանքին, որ քաղաքացին ժամանել է Իտալիայից, մայրս անմիջապես հրահանգել է դիմել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

Նորից եմ կրկնում՝ իմ մայրը երբևէ չի հետազոտել նոր կորոնավիրուսով վարակված կնոջը, առավել ևս նրան չի ուղղորդել գնալ տուն:

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՈՒՆ

ԿՆԻՔ

Հ. Գ. Եթե այդ լուրերն իրականությանը համապատասխանեին, հիմա իմ մայրը մյուս երկու բժշկի հետ մեկուսացված կլիներ Ծաղկաձորում»: