Պետք է խնդրենք էջմիածինցիներին, որպեսզի ժամը 23.00-ից քաղաքից առկա 27 ելքերից օգտվեն միայն 3-ից, մնացածը կփակվեն։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք տեղում ջերմաչափում կանենք, եւ նրանք, որոնք ջերմություն կունենան կխնդրենք ինքնամեկուսացում անել։

Առաջինը Վաղարշապատ-Երեւան ճանապարհն է, որտեղ կլինի բուժկետ եւ ոստիկանական կետ։ Երկրորդը Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհն է եւ երրորդը՝ Վաղարշապատ-Մասիս ճանապարհը։ Մնացած բոլոր ճանապարհները փակ կլինեն։ Պայմանը հետեւյալն է. տեղում ջերմաչափում կիրականացվի, ով ջերմություն կունենա, կխնդրենք ինքնամեկուսացվել»,-ասաց վարչապետը։

Նա հավելեց, որ առավոտից կլինեն քննարկումներ, թե ինչ այլ միջոցառումներ կան, որ պետք է կիրառվեն. «Այս պահին մեր տպավորությունն այն է, որ հավելյալ միջոցներ, այնուամենայնիվ, պետք է ձեռնարկենք։

Նշենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 26-ի։