Կորոնավիրուսի շարունակական տարածումն արտերկրում և Հայաստանի Հանրապետությունում իր աննախադեպ ազդեցությունն է թողնում ինչպես հասարակական կյանքի տարբեր ոլորտների, այնպես էլ տնտեսական գործունեության բազմաթիվ ուղղությունների վրա։Այս մասին հայտարարություն է տարածել Հայատսանի արդյունաբերողների և գործարարների միությունը․

«Ելնելով գործարարների շրջանում արդեն իսկ արձանագրված խնդիրներից, ինչպես նաև հիմնվելով փորձագիտական գնահատականների վրա, արձանագրում ենք ստորև նշված խնդիրներն ու պետական պատկան մարմիններից և շահագրգիռ կողմերից ակնկալում մասնագիտական քննարկումներ, որոշակի լուծումներ և իրավիճակով պայմանավորված առանձնահատուկ քայլեր։

Հստակ չէ, թե աշխատակիցների՝ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածների դեպքում, գործարարներն ի՞նչ կարգով կարող են ակնկալել գործադիր մարմինների աջակցությունն անհրաժեշտ թեստավորում անցկացնելու գործում։
Ի՞նչ կարգով պետք է կազմակերպվեն աշխատանքները, եթե որևէ կազմակերպությունում արձանագրվի վիրուսակիրների մեծ թիվ:
- Առակա է գործադիր մարմինների կողմից աշխատուժի հետ աշխատանքների կազմակերպման առաջնահերթությունների մասին մասնավոր գործատուներին առաջարկներ ու երաշխավորություններ ներկայացնելու անհրաժեշտություն:

- Արդյոք չվարակված, սակայն ռիսկային խավին հնարավո՞ր է պարտադիր տուն ուղարկել:

- Աշխատակիցներին հարկադրաբար տուն ուղարկելու պարագայում շատերը կարող են չհամաձայնվել այդ որոշման հետ կամ, անգամ, չթեստավորվել, քանի որ աշխատավարձն ինքնաբերաբար կնվազի: Այս պարագայում արդյոք հնարավո՞ր է, ըստ անհրաժեշտության, հաճախումների մատյաններ չլրացնել, որոշ մարդկանց հետ աշխատել տնից, իսկ ում դեպքում հնարավոր չէ՝ պարտադիր արձակուրդուղարկել: Թերևս, ելնելով արտակարգ իրավիճակից, հարկ է սահմանել առավել ճկուն աշխատանքային հարաբերություններ, և այս ընթացքում վարակով պայմանավորված կիրառված որոշ քայլել ազատել օրենքով ընդդատյա լինելուց։

- Արդյոք իրավիճակով պայմանավորված' առողջ կամ ոչ ռիսկային աշխատողների արտաժամյա աշխատանքը պարտադիր լրացուցիչ պե՞տք է վճարվի:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված' շատ գործարարներ խնդիրներ կունենան կանխիկ դրամական հոսքերի հետ կնկատվի վերջիններիս գործադիր իշխանության կողմից ժամանակավոր աջակցության կարիք:
-Մասնավորապես՝ նպատակահարմար է գործարարներին, հատկապես՝ փոքր ու միջին ձեռնարկատերերին, հնարավորություն ընձեռել մի քանի ամսով տարաժամկետել հարկային պարտավորությունները:

-Անհրաժեշտություն կարող է առաջանալ վերակառուցելու վարկային պարտավորությունները: Վերջիններիս ժամկետների հետաձգման նախաձեռնություններով արդեն հանդես են եկել միջազգային շատ բանկեր, ողջունելի է նաև հայկական «Ամերիաբանկ»-ի համանման որոշումը, որը օրինակելի կարող է լինել նաև ՀՀ-ում գործող մյուս բանկերի համար։

- Տեղին կլինի նաև գործադիրի կողմից լրացուցիչ սոցիալական ծրագրերի իրականացումը:

Հարկ է առանձնացնել գործադիրի այն մարմինը, որին օպերատիվ աջակցության համար կարող են դիմել առանձին ձեռներեցներն ու գործարար կազմակերպությունները:
-Տնտեսական ակտիվության նկատվող նվազման պարագայում առավել օրախնդիր է դարձել հայրենական տնտեսվարողների դժվարությունների բեռը գործադիրի տնտեսական հատվածի պատասխանատուների հետ հրատապ քննարկումների անհրաժեշտությունը։ Դրան մեծապես կնպաստի, այսպես կոչված, «Տնտեսական հարցերով օպերատիվ կառավարման շտաբի» ստեղծումը՝ գործադիր իշխանության, գործարար համայնքի և այլ շահագրգիր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը պատրաստակամ է իր նպաստը բերելու տնտեսությունում ստեղծված աննախադեպ իրավիճակի ազդեցությունը մեղմելու և ծագած խնդիրները հաղթահարելու գործում»,- ասված է հայտարարության մեջ։