Արտակարգ դրություն սահմանելու՝ նախապես հայտարարված ժամը՝ 17։00-ն փոխվեց։ Կառավարությունը չհասցրեց արտահերթ նիստում ընդունել որոշումն ու ուղարկել ԱԺ։ Մասնավորապես՝ քննարկումները երկարեցին՝ կապված Հայաստան մուտք ու ելքի սահմանափակումների հետ։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ի սկզբանե հայտարարեց, որ առնվազն երկու շաբաթով հարկավոր է արգելել օտարերկրացիների մուտքը Հայաստան եւ ՀՀ քաղաքացիների ելքը։ Ավելի քան մեկ ժամ տեւեած քնարկումներից հետո կառավարության անդամներն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան։ Զոհրաբ Մնացականյանը 15 րոպե ընդմիջում խնդրեց, սակայն Նիկոլ Փաշինյանը որոշեց մեկ ժամ ընդմիջում հայտարարել, քանի որ որոշման նախագծում անճշտություններ կային։ Կառավարության արտահերթ նիստը կվերսկսվի 17։15-ին, որոշումն ընդունելուց հետո այն կուղարկվի Ազգային ժողով։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այսօր ամեն կերպ պետք է ավարտին հասցնել այս գործը․ «12-ն էլ լինի, Ազգային ժողովը նիստ կանի»։

Ըստ այդմ՝ կփոխվի արտակարգ դրություն մտցնելու ժամը։ Հնարավոր է, որ արտակարգ դրությունը սկսվի վաղը առավոտից։