Այսօր՝ մարտի 16-ին, խորհրդարանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է արտակարգ դրության մասին որոշումը կայացվել այսօր, ոչ թե ավելի շուտ, ասաց, որ վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը քառապատկվել է, նույնիսկ՝ հնգապատկվել. «Դինամիկան ստիպեց մտածել, որ սովորական միջոցները չեն կանգնեցնում պրոցեսը, պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկել: Վերջին երկու օրերին մենք օրվա մեջ ունենում ենք 3-5 ախտորոշում»:

Փաշինյանը հայտարարեց, որ եղել են մարդիկ, ովքեր կոնտակտավոր են եղել, սակայն 3-4 օր թաքնվել են. «Իրավապահ մարմիններն Առողջապահության նախարարության հետ հայտնաբերել են նրանց: Դժվար է հասկանալ այն, որ մարդիկ հիվանդ են եղել ու թաքնվել են»:

Վարչապետը նշեց, որ Երևանի արտադրամասերից մեկում ու դպրոցահասակներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո հասկացան, որ պետք է դիմեն արտակարգ միջոցների:

Փաշինյանն ասաց, որ նույնիսկ դեպք է եղել, երբ զանգել են մարդուն հարցրել են, թե ինչպես է իրեն զգում, ասել է, որ լավ է, հետո գնացել են դուռը ծեծել են, ներսից ասել է, որ լավ է, սակայն դուռը չի բացել. «Նման դեպքերում պետությունը պետք է լծակ ունենա գործելու: Քանի որ մասշտաբների խնդիր կա, կառավարությանը լիազորություններ են պետք»: