Երեւանում այն արտադրամասը, որտեղ կորոնավիրուսով վարակված աշխատակից է հայտնաբերվել, գտնվում է Շենգավիթ համայնքում: Այս մասին այսօր' ԱԺ արտահերթ նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը' պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի այն դիտարկմանը, թե արդյոք ավելի ճիշտ չէր լինի ասել, թե որտեղ է գտնվում արտադրամասը, որպեսզի բնակիչները խուճապի չմատնվեն եւ կարողանան պաշտպանվել:

«Ցավոք սրտի, երեք ախտորոշված դեպքերն էլ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ են: Իսկ Վայքի հետ կապված հայտնի պատմություն կա' էն բիստրոն կամ սրճարանը, որը ես մտել եմ, քարոզարշավ եմ արել, այդ տղան մեղրեցի այնտեղ նստած է եղել, կադրերում երեւում է: Եւ բնականաբար, երբ որ ախտորոշվում է որեւէ դեպք, առաջինը, որ անում է նախարարությունը պարզում է նրա հնարավոր կոնտակտները, որոնց նա կարող էր վարակ փոխանցեր, եւ այդ մարդկանց շրջանակը գծագրվում է, մարդկանց ցանկ է կազմվում եւ այդ մարդիկ մեկուսացվում են։ Չեմ բացառում, որ սուպերմարկետի աշխատակիցներին հրավիրած լինեն եւ մեկուսացրած լինեն, եւ պարզվի, որ իրենց պարագայում մոտիկ կոնտակտ լինի»,-ասաց Փաշինյանը նշելով, որ դա արվում է վիրուսը կանխարգելելու նպատակով:

Փաշինյանի խոսքով' պարտադիր չէ, որ կոնտակտ ունեցող անձն անպայման վարակվի եւ դրա մասին է փաստում այն, որ մարտի 1-ին մեկուսացված 31 անձանցից 28-ը վարակված չեն եղել, եւ դուրս են եկել մեկուսացումից:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարել:

Այս պահին էլ Հայաստանի Ազգային ժողովը հատուկ նիստ է նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշումը:

Նշենք, որ այս պահին Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 30 դեպք