Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանը կմնա անազատության մեջ. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Դավիթ Մովսիսյանի պաշտպանի բողոքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը:

«Դատարանը ծայրահեղ ապօրինի կերպով մերժեց մեր բողոքը։ Իրավական ֆանտազիաս անգամ չի հերիքում մտածել թե դատարանը ինչ հիմքով կարող է մերժել այդ բողոքը»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: