Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է սպիրտի թանկացման պատճառները։ Հանձնաժողովը նշում է․ «Թանկացումները պայմանավորված են բացառապես ՀՀ հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններով, ինչը համահունչ է ԵԱՏՄ մեր պարտավորություներին: Մասնավորապես ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 6000 դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով»: Այսպիսով, 1 լիտր սպիրտի գինը (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) կազմում է 6000 դրամ: Այսինքն, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ՏՄՊՊՀ-ն իրենց սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի կողմից իրականացվող թանկացումները պատճառաբանում են հարկային օրենսգրքի փոփոխություններով, որոնք, հիշեցնենք, երեկ չէ, որ ուժի մեջ է մտել:

 

Եվ անգամ եթե խնդիրը ակցիազային հարկն է, արդյո՞ք այս պարագայում 400-450 դրամանոց սպիրտը կարող էր միանգամից դառնալ 3000 դրամ: Արդյոք՞ շատ կտրուկ չեն այդ թանկացումները և շատ տեղին չեն՝ տնտեսվարողի համար, ով գերշահույթ է ապահովելու՝ այս օրերին հանրության համար այդքան կարևոր ապրանքը նման գնով վաճառելով: Հասկանալի է, որ առնվազն սպիրտի պարագայում պատկան մարմինները և վարչապետը լիովին անկեղծ չեն, իսկ դա նշանակում է, որ վաղը կամ մյուս օրը նույն տնտեսվարողը կարող է թանկացնել որևէ այլ առաջին անհրաժեշտության ապրանք և հղում անել հարկային օրենսգրքի փոփոխության վրա: Եթե պետությունը ունենար համապատասխան լծակներ, հատկապես արտակարգ դրության պայմաններում զսպելու նման մեխանիզմների գործարկումը տնտեսվարողների կողմից, թերևս մենք այսօր չէինք ունենա նման պատկեր: Սակայն վերահսկողական լծակներ ձեռք բերելու փոխարեն, իշխանությունները կարծես թե որոշել են ներքին համաձայնության գալ այդ նույն տնտեսվարողների հետ…