Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Նկատենք, որ այս պրակտիկան կիրառվել է կորոնավիրուսից տուժած բոլոր պետություններում:

 

ինչ վերաբերվում է մեր երկրին, ապա արդեն իսկ հայտնի է դարձել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար աշխատավարձ/պարգևավճար են փոխանցելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է այդ նպատակով բացված հաշվեհամարին փոխանցել 100 հազար դրամ: Հիշեցնենք, որ  Արսեն Թորոսյանն 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է 14.834.904 դրամ պարգևավճար: Կարծում ենք՝ սրանով ամեն բան ասված է:

Իհարկե, որևէ մեկը չի կարող թավշյա պաշտոնյաներին ստիպել ծառայել ժողովրդին, այսինքն՝ անել այն, ինչի համար որ եկել են իշխանության, այդ դեպքում ավելի շատ գործ ունենք բարոյական պատասխանատվության հետ, որից պաշտոնյաները նույնպես հրաժարվում են: Պարզապես հնարավոր չէ ակնկալել, որ այս մարտահրավերը հնարավոր կլինի լուծել միայն շարքային քաղաքացիների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օժանդակությամբ: Որոշ աղբյուրների համաձայն՝ կորոնավիրուսի 100 թեստը արժի 2500 դոլար՝ լավագույն դեպքում: Ինչպես տեսնում ենք, նախարար Թորոսյանի հանգանակած գումարը չի բավարարի անգամ 100 թեստ գնելու համար: Իրավիճակի զավեշտը կայանում է նրանում, որ այս մարտահրավերին առաջինը արձագանքում են փաստացի նախորդ համակարգի մաս կազմող գործիչները: Թե՛ Հրայր Թովմասյանին, թե՛ նախագահ Սարգսյանին չես համարի հեղափոխական պաշտոնյա: Մնում է հուսալ, որ մերօրյա չինովնիկները նույնպես կհասկանան պահի լրջությունը և կմիանան վերջիններիս՝ միլիոնների հասնող իրենց պարգևավճարների մի մասը ուղղելով կորոնավիրուսի դեմ պայքարին, փոխանցելով այդ գումարները յոթ օր և 24 ժամ աշխատող մեր բուժաշխատողներին...