Արտակարգ դրության ռեժիմի պարետատանը շրջանառության մեջ է դրվել ցուցման նախագիծ, որով սահմանվելու է, թե ինչպես են հսկվելու ինքնամեկուսանալու ցուցում ստացած քաղաքացիների քայլերը: Այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Այս պահի դրությամբ պարետատան մեր գործընկերներն աշխատում են մի նախագծի վրա, որը ժամեր անց կընդունվի: Այդտեղ հստակ կետ կա, որտեղ նշված է, որ մենք ծանուցում ենք ուղևորին, որը պետք է ինքնամեկուսացվի, և, եթե նա չմեկուսացվի, այդ տեղեկությունը բացի Առողջապահության նախարարությունից, կգնա նաև ոստիկանություն: Բացի այն, որ նա կենթարկվի վարչական պատասխանատվության, արդեն ոստիկանությունը կհսկի նրա ինքնամեկուսացված լինելու փաստը»,- ասաց Ավագյանը:

Նա նաև նշեց, որ Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան վերադարձած քաղաքացիների մեջ եղել են անձինք, ովքեր հրաժարվել են մեկնել կարանտինի մեջ գտնվելու վայրեր:

«Եղել են ՀՀ ժամանած ուղևորներ, որոնք հրաժարվել են կարանիտինի վայր տեղափոխվել: Այդ հարցը լուծվել է մոտ 1 ժամ բանակցությունների արդյունքում: Անձամբ ես էլ եմ մասնակցել այդ բանակցություններին: Քաղաքացին ժամանել էր Իտալիայից, որն ի վերջո համոզվեց ու ասաց, որ գնում է ինքնամեկուսացման: Էլի ունեցել ենք մարդիկ, որոնք փորձել են հրաժարվել գնալ մեկուսացման վայր, այդ ժամանակ էլ Առողջապահության նախարարության մեր գործընկերների երկար բանակցություններից հետո այդ մեկուսացումը տեղի է ունեցել»,- ասաց Ավագյանը: