Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ռեստորանների, սրճարանների, ժամանցի վայրերի մի մասը դադարեցրել  են իրենց  աշխատանքը, մյուսները շարունակում են բնականոն աշխատել: Մասնավորապես, կասեցվել են փաբերի և բարերի գործունեությունը, իսկ ռեստորաններն ու սրճարանները կարող են աշխատել: 

 

Ռեստորանային ոլորտում տիրող իրավիճակի, տրվող պետական աջակցության, ինչպես նաև հետագա անելիքների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց հասարակական սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանի հետ:

«Արդեն հաստատվել է վարկային ծրագիրը, որով փորձում են ոլորտին աջակցել: Ցավոք, այդ օգնությունը վարկի տեսքով է, այլ ոչ թե սուբսիդավորման, այսինքն՝ սա օգնություն է՝ խիստ վերապահումով: Փաստացի, ռեստորանատերերը պետք է վարկ վերցնեն, աշխատավարձ տան, վարձակալության գումար վճարեն: Այս դեպքում հարց է ծագում՝ ի՞նչ տարբերություն, թե ումից պարտք վերցնել՝ պետությունից, թե ընկերոջիցդ, քանի որ այսպես, թե այնպես, դա պարտք է, որը պետք է վերադարձնել»,-նշեց Բարսեղյանը: 

 

Նա ասաց, որ լուրջ խնդիրներ են առաջանում վարձատուների հետ, քանի որ ստեղծված իրավիճակում բոլորը չէ, որ պատրաստ են զիջումների գնալ:

 
 
 

«Այս պահին իրավիճակն այնպիսինն է, որ սրճարաններն ու ռեստորանները, բացվելով, ավելի մեծ վնասներ կկրեն, քան, եթե փակ լինեն: Եթե  ռեստորանը և սրճարանը գործում են, ապա պարտավոր են կատարել բոլոր պարտավորությունները, վճարները և սա այն դեպքում, երբ շրջանառությունը կտրուկ նվազելու է»,-ընդգծեց փորձագետը:

 

Բարսեղյանը նշեց, որ պետությունից ակնկալիքներն ավելին են եղել, մասնավորապես՝ ակտիվ մասնակցություն և սուբսիդիաներ:

 

«Գործատուին պարտադրվում է հարկադիր պարապուրդի ուղարկել իր աշխատակիցներին և վճարել աշխատավարձի 2/3-ը, սակայն դա մեծ գումար է, երբ բիզնեսը չի գործում: Միաժամանակ, պետությունը չի ասում, որ այդ աշխատավարձերի սոց. վճարները չի գանձելու, կամ հարկերը չի գանձելու: Արդյունքում ստացվում  է, որ ամբողջ բեռը մնում է տնտեսվարողի վրա»,-շեշտեց նա:

 

Փորձագետի խոսքով՝ նույնիսկ այսօր պարզ է, որ ոլորտը ճգնաժամ է ապրում. «Խոսքը միայն ռեստորանների կամ սրճարաների մասին չէ: Ցավոք, ամբողջ հյուրընկալության ոլորտն է այս վիճակում: Հարսանյաց հանդեսների կազմակերպիչների հետ եմ խոսել՝ տոտալ չեղարկումներ, նույնիսկ՝ ամառային: Հյուրանոցներում էլ հարյուր տոկոսանի չեղարկումներ են: Ոլորտի համար տարին շատ ծանր է, կարծում եմ՝ այս իրավիճակում և պայմաններում չաշխատելը լավագույն որոշումն է»:

Այնուհանդերձ, փորձագետը չբացառեց, որ սրճարանների և ռեստորանների մեծ մասը շատ շուտով կվերաբացվեն՝ փորձելով այդ կերպ լուծել իրենց ֆինանսական խնդիրները: 

 

«Այս օրերին որոշ ռեստորաններ ակտիվացրեցին առաքման ծառայությունը: Կարծում եմ՝ դա պետք է արվի  ամենաբարձր մակարդակով՝ ապահովելով աշխատակիցների և հաճախորդների առողջությունը, ամեն ինչ պետք է բարձր մակարդակով արվի»,-զրույցն ամփոփելով՝ ասաց փորձագետը: