Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է գյուղաբնակ մեր քաղաքացիներին կազմել գյուղական կոոպերատիվներ և դիմել վարկավորման համար, այդպիսով կառավարությունը ցանկանում է մեղմել կորոնավիրուսից առաջացած ճգնաժամը:

Առավել ուշագրավն էլ այս պատմության մեջ այն հանգամանքն է, որ կառավարությունը ռազմավարական ոլորտ է հռչակում գյուղատնտեսությունը, այն նույն գյուղատնտեսությունը, որը այնչափ ռազմավարական էր, որ անգամ նախարարություն պահելու կարիք չզգացվեց, և այն նույն գյուղատնտեսությունը, որը վարի տալով այս երկու տարին զբաղված է ՀՀ կառավարությունը: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները 2019 տարվա հունվար-հունիսին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել էին 7.4 տոկոսով՝ կազմելով 247 մլրդ 951 մլն դրամ։

Ինչ վերաբերվում է կոոպերատիվներ կազմելուն, ապա այս գաղափարը նոր չէ, այն կարելի է անվանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նոու-հաուն, հենց Կարապետյանն էր ցանկանում իր խոսքերով ասած՝ գյուղատնտեսական սպեցնազ ստեղծել: Կարապետյանի գործը, սակայն, կիսատ մնաց: Հայաստանի նոր իշխանությունները մոռացան, թե՛ կոոպերատիվների, թե՛ դրանց աջակցելու անհրաժեշտության մասին: Հիշում են միայն այս պահին, երբ շատ արագ անհրաժեշտ է հակաճգնաժամային լուծումներ գտնել, մինչդեռ գտած լուծումներն էլ սեփական թիմի պրպտումների արդյունք չեն, այլ նախկին՝ մերժված իշխանությունների ռազմավարական ծրագրեր: Ստացվում է՝ ժամանակին Կարեն Կարապետյանը ճիշտ էր, Փաշինյանը ՝ սխալ…