Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել են այն տնտեսվարողների ցանկը, որոնց գործունեությունը ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ավարտը Հայաստանի ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել է:

Հիշեցնենք, որ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ավարտը Հայաստանի ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ։

Այդ ցանկում են ընդգրկված Երևանի Խորենացի փողոցում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն ՍՊԸ»-ն, որը պատկանում է ոսկու աշխարհի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին: Երևանի Վարդանանց փողոցում գործող «Գնունի» ՍՊԸ-ն կամ «Գնունի շուկան», որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Սլավիկ Ավանեսյանին: Երևանի Սաֆարյան փողոցում գործող «Նորքի շուկա» ՍՊԸ-ն, «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորումը, «Երևանի թիվ 2 շուկա» ՍՊԸ-ն կամ «Գումի» շուկա, «Հայաստան առևտրի կենտրոնը», «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, որը պատկանում է Աշոտ Աղաբաբյանին, «Էջմիածնի առևտրի կենտրոնը», ինչպես նաև՝ «Էջմիածնի շուկա» ՍՊԸ-ն, «Վանաձորի շուկա» ՍՊԸ-ն: Վանաձորում արգելվել է նաև Վանաձորի բաղնիքային տնտեսություն ՓԲԸ-ի գործունեությունը, որի սեփականատերը Վանաձորի ավագանու ՀՅԴ խմբակցության անդամ Սեյրան Աղաբեկյանն է։

Արգելված է նաև «Արտաշատ պլազա» ՍՊԸ-ի, որը պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, «Կապանի հանրախանութ» ՍՊԸ-ի, «Տաշիր ինվեստ գրուպի» կամ Խորենացի փողոցում գտնվող հայտնի «Տաշիր» առևտրի կենտրոնի, «Դալմա» ինվեստ ՍՊԸ-ի կամ «Դալմա մոլի», «ՌԻՈ» ՓԲԸ-ի կամ «Ռիո մոլի», «Տաշիր գոլդ» ՍՊԸ-ի գործունեությունը, իսկ դրանք պատկանում են գործարար Սամվել Կարապետյանին: Արգելված են նաև «Տուն դեպո» ՍՊԸ-ի գործունեությունը, որը պատկանում է ՀՅԴ-ական Կառլեն Գևորգյանին, «Վերնիսաժի տոնավաճառի», 9 հասցեներում գործունեություն իրականացնող «Սիթի ՍՊԸ»-ի գործունեությունը, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:

Կասեցվել է նաև «Երեւանտրանս» ընկերության գործունեությունը: «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրենի պաշտոնի համար վերջերս հաղթող էր ճանաչվել Արման Մխիթարյանը։ Սա ուշագրավ է այն առումով, որ Մխիթարյանի անվան հետ է կապվում «Բիզի» ընկերությունը, որը հայտնի է իր տաքսի սերվիսով, եւ որի դեմ կան տասնյակ դատական հայցեր՝ հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։

Արգելվել է նաև «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ընկերության գործունեությունը, որը, ինչպես գիտենք, կապվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ:

Սահմանափակում է կիրառվել նաև «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ի նկատմամբ, որը գրանցված է Երեւանի նախկին քաղաքապետ, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի դստեր' Գայանե Զախարյանի անունով:

Չի գործելու նաև «Յունիքորմ Սերվիսը» , որը պատկանում է Գուրգեն Արսենյանին:

Սահմանափակումները գործում են նաև «Վեդի Ալկո» ընկերության նկատմամբ, որի սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանն է: