Տաքսի ծառայությունների շուկան Հայաստանի ամենամրցակցային ոլորտներից է։ Այստեղ գործում են մի քանի տասնյակ ընկերություններ և մեծ թվով անհատ տաքսու վարորդներ։ Ավանդական տաքսիների համար վերջին շրջանում լուրջ մրցակից դարձան օնլայն տաքսի ծառայությունները (gg տաքսի, Յանդեքս, Անի Պլյուս), որոնք, սեփական ավտոպարկ չունենալով, պատվերներ են ապահովում իրենց հետ համագործակցող վարորդների հետ՝ որոշակի վճարի դիմաց։

Վերջին շրջանում բավական շատ են բողոքները անհատ տաքսիստներից, որ ոլորտը մենաշնորհված է և օնլայն տաքսիները գրանցված լինելով՝ կոպեկների հասնող հարկեր են վճարում: Մի կողմից՝ այս պնդումները, իհարկե, տրամաբանական են, որովհետև, եթե օնլայն տաքսին հարկ վճարեր, ապա դժվար թե ուղևորափոխադրման գինը լիներ 600-700 դրամ:

Համաձայն պետական ռեգիստրի՝ Յանդեքս տաքսին պատկանում է ՅԱՆԴԵՔՍ.ՏԱՔՍԻ ՀՈԼԴԻՆԳ ԲԻ.ՎԻ.-ին և ՅԱՆԴԵՔՍ.ՏԱՔՍԻ ԲԻ.ՎԻ-ին: Ի դեպ, կարծիքներ էին տարածվում, որ Հայաստան Յանդեքսի մուտք գործելուն նպաստել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Gg տաքսիի համահիմնադիրներից մեկը Խաչատուր Գրիգորյանն է, մյուսը՝ Արտաշես Թովմասյանը:

Անի Պլյուս տաքսի ծառայությունը ստեղծվել է 2004թ-ի հունիսին, մի խումբ երիտասարդ ընկերների կողմից: Այժմ տաքսի ծառայությունը պատկանում է «Ժորժետ» ՍՊԸ-ին, որի հիմնադիր նախագահն է Արմեն Կառլենի Մկրտչյանը: Համացանցում տարածվում էր տեղեկություն, որ Անի տաքսի սերվիսի իրական սեփականատերը ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն է:

Ուշագրավ է, որ օնլայն տաքսիների վճարած հարկերի ծավալների մասին որևէ տեղեկություն չկա: Տպավորություն է, որ փորձագետները ճիշտ են՝ այսօր տաքսի ծառայությունների շուկայում գործում է օլիգոպոլիա, ինչը հանգեցրել է ոլորտում ճգնաժամի։ 2-3 օնլայն տաքսի ընկերությունները, փաստորեն, յուրացրել են շուկան։ 60 հազար տաքսի ավտոմեքենաներից առնվազն 55 հազարն աշխատում է նրանց համար։ Եթե առնվազն դրանց մի մասը վճարեր մոտ 40 հազար դրամ՝ ամսական, ապա պետբյուջեն կստանար հավելյալ ավելի քան 1 մլրդ դրամ, ինչն այսօր տեղի չի ունենում: