Վրաստանի Մառնեուլի շրջանում, որտեղ հայտարարվել է խիստ կարանտին, ակտիվորեն իրականացվում է բնակչության լայնածավալ բժշկական զննում կորոնավիրուսի առկայության համար: Այս մասին հայտարարել է Մառնեուլիի մեծամասնության պատգամավոր Թամազ Նավերիանին:

Ըստ նրա՝ մասնագետները ստուգել են 15 415 քաղաքացու ջերմաստիճանը և ընդհանուր վիճակը. Դա ավելի քան երեք հազար ընտանիք է: Կասկածելի ախտանիշ ունեցող մարդկանց կտրվի կորոնավիրուսային թեստ:

«Սննդի ազգային գործակալությունը հատուկ տեխնիկայով իրականացրել է ախտահանման աշխատանքներ Մառնեուլիի և հարակից գյուղերի փողոցներում: Այս աշխատանքները առաջիկա օրերին կշարունակվեն ամբողջ շրջանում», – գրել է Նավերիանին:

Վրաստանի կառավարությունը լիարժեք կարանտինային ռեժիմ է սահմանել Արևելյան Վրաստանի երկու շրջաններում՝ Բոլնիսիում և Մառնեուլիում: Ընդհանուր առմամբ, շրջաններում ապրում է մոտ 200 հազար մարդ։

Նման միջոցառումները կապված են Վրաստանում վերջերս հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի հետ. Մառնեուլիում վարակ է հայտնաբերվել մի 62-ամյա կնոջ մոտ, որը ներկա է եղել իր մոր թաղմանը և հոգեհացին: Այնտեղ հավաքված են եղել մի քանի տասնյակ մարդիկ: