Քաղաքաշինության ոլորտում արձանագրված խախտումների վերաբերյալ քրեական գործը շարունակվում է քննվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանք գործի ընթացքի վերաբերյալ որեւէ մանրամասն չհաղորդեցին' պատճառաբանելով, որ այն նախաքննության փուլում է:

Փորձեցինք մանրամասներ ճշտել այդ գործով վկա անցնող Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանից: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը մեկ անգամ է հարցաքննվել, շարունակվում է մնալ որպես վկա: «Այդպես մնացել է: Քննության ընթացքում է, ես ոչ մի բանից տեղյակ չեմ»,- նշեց Վարդան Վարդանյանը:

Հարցին, թե ինչով է զբաղվում այժմ նախկին նախարարը, նա պատասխանեց, որ հանգստանում է: Հարցին, թե բիզնեսո՞վ եք զբաղվում, կուսակցական գործունեությա՞մբ, ավագանու ընտրություններին ներգրավվա՞ծ եք կուսակցական աշխատանքներում, թե՝ ոչ, նա արձագանքեց «Հանգստանում եմ, կուսակցության հետ էլ սերտ կապերի մեջ եմ»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել քաղաքաշինության ոլորտում բացահայտումների փաստով հարուցված քրգործերից մեկը, որը դատախազություն էր գնացել փակելու միտումով:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ' Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Քրեական գործի քննությունը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը հրավիրվել էր հարցաքննության' որպես վկա: