Հայաստանի Հանրապետությունում հեռավար կրթությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելի մատչելի դարձնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրել է մի քանի հարյուր սարք։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այս պահին արդեն ունենք մի քանի հարյուր սարք, որոնք կհատկացվեն այն աշակերտներին, որոնք չունեն հնարավորություն օգտվելու հեռավար կրթությունից: Գործընթացը շարունակվում է: Ակտիվ մասնակցե՛ք»,- գրել է Հարությունյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածում կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Խիստ սահմանափակումների ռեժիմը մարտի 31-ին երկարաձգվել է առնվազն տասն օրով։

Արտակարգ դրության հայտարարելուց հետո Հայաստանում միառժամանակ փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, ինչի հետևանքով բոլոր աշակերտներն ու ուսանողներն անցել են հեռավար կրթության։