Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչություններ, պետական մարմիններ շարունակում են նվիրատվություններ ստանալ մասնավոր ընկերություններից, անհատներից, տարատեսակ ՀԿ-ներից: Մենք էլ շարունակում ենք ներկայացնել այդ նվիրատվությունների ցանկը:
 
Մարտի 23-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր այն մասին, որ Երևանը երեք քաղաքային կոմունալ վակուումային մեքենա (փոշեկուլ) է ստացել։ Մարությանը, մասնավորապես, գրել էր․ «Շատ ողջունելի է, որ անկախ ամեն ինչից, բիզնեսը շարունակում է սոցիալական պատասխանատվություն դրսեւորել համայնքի հանդեպ։ «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևան համայնքը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված երեք փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին: Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»։ Ներկայումս «Կապիտալ Բիլդ» ընկերությունը բնակելի համալիրի կառուցման աշխատանքներ է իրականացնում ք. Երևան, Արաբկիր, Կոմիտաս պողոտայի 3 հասցեում, և ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ Կոմիտասի պողոտայի հասցեները «Կապիտալ Բիլդ» ընկերությանը տրամադրվել են Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2019թ․ փետրվարի 14-ի որոշմամբ։ Նախկինում նման դեպքեր եղել են, երբ Երևանի քաղաքապետարանը նվիրատվություններ էր ստացել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ից, «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ-ից, «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից և այլ ընկերություններից, որոնք իրենց նվիրատվություններից հետո անգամ պատվոգրեր էին ստացել քաղաքապետի կողմից։
 
Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում որոշում է կայացրել, որով «Կարկոմավտո» ՍՊԸ-ից որպես նվիրատվություն ընդունեց NISSAN X-TRAIL SV մակնիշի (թողարկման տարեթիվ՝ 2019թ., շարժիչի ծավալ՝ 2,5լ, 170 ձիաուժ) 13.71 մլն դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան և այն ամրացրեց ՊՆ-ին՝ վերջինիս կարիքների օգտագործման նպատակով: «Կարկոմավտո»-ն պատկանում է ՀՅԴ-ական Կարեն Շախմուրադյանին:
 
Նվիրատվության տենդը համակել է նաև Սորոսի Հայաստանյան գրասենյակին: Այսպես՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԲԿ-ի Արտաշատի համայնքային կենտրոնը Արտաշատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Բաց հասարակություն» հիմանդրամի ֆինանսավորմամբ սննդի փաթեթներ է տրամադրել արտաշատցի 111 շահառուների: Փաթեթներում եղել են ալյուր, շաքարավազ, կարտոֆիլ, սոխ, մսի պահածո, նրբերշիկ, խտացրած կաթ, մակարոն, ոսպ, բրինձ և այլն։ Փաթեթները բաժանվել են համայնքապետարանի տրամադրած տրանսպորտային միջոցով՝ իրենց մոտ հաշվառված կամավորների օգնությամբ:
 
Սյունիքի մարզպետարանը հաշվետվություն է ներկայացրել մարզի համայնքներում 2020թ․ մարտի 16-ից մինչ օրս սոցիալական տարբեր խմբերի պարենային եւ ոչ պարենային ապրանքներ տրամադրելու մասին։ Ըստ այդմ՝ «Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունն իր Կապանի եւ Սիսիանի շահառուներին (Կապանի՝ 159 եւ Սիսիանի՝ 119) մեկ ամսվա համար տրամադրել է չոր սնունդ (ալյուր՝ 3 կգ, ձու՝ 10 հատ, նրբերշիկ՝ 1 տուփ, բրինձ՝ 1 կգ, հնդկաձավար՝ 1 կգ, վերմիշել՝ 1 կգ, շաքարավազ՝ 1 կգ, ոսպ՝ 1 կգ, բուսական յուղ՝ 1 լիտր, կարտոֆիլ 3 կգ, սոխ՝ 1 կգ, խտացրած կաթ՝ 2 տուփ, մսի պահածո՝ 2 տուփ):
 
Նախորդ տարի կառավարությունը որոշել էր որպես նվիրատվություն ընդունել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի շրջանակներում ձեռք բերված, 13,49 մլն դրամ արժեքով, 2015 թվականի արտադրության «ՇԵՎՐՈԼԵՏ ԿԱՊՏԻՎԱ» մակնիշի ավտոմեքենան և հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը:
 
Օրերս «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հովանավորությամբ Այրում համայնքի մանկապարտեզը ստացավ գույքի վերջնական խմբաքանակը FCN /Focus on Children Now/ բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից:
 
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն իրենց հերթին «Հունդայ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ են նվիրել առողջապահության նախարարությանը: