«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իրավիճակը լիցքաթափվել է: 2 օր առաջ գրել էինք, որ հիվանդանոցը կորոնավիրուսով հիվանդներին տրամադրելու պարետի որոշումից հետո դժգոհություններ են ծագել բուժանձնակազմում:

Նրանց մի մասին կես հաստիք են դարձնում կամ առաջարկում են արձակուրդ գնալ, պլանային բոլոր վիրահատությունները հետաձգվել են, բուժանձնակազմը չգիտի, թե իրեն ինչ է սպասվում։ Ավելին՝ այս թեմայով հրավիրված ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել:

Պատճառն այն է, ըստ տնօրեն Հովակիմյանի, որ որոշ բժիշկներ չեն համաձայնում արտակարգ ռեժիմում աշխատել՝ ինքնամեկուսացում, տուն չգնալ, գիշերել հյուրանոցում եւ այլն։ Երեկ տեղեկացանք, որ կրքերը կարծես հանդարտվել են. որոշ բուժաշխատողներ, որոնք համաձայն չեն եղել վտանգավոր պայմաններում աշխատել եւ արձակուրդի դիմում էին գրել, եկել, հետ են վերցրել դիմումները․ մոտ 40-45 հոգի։

Արձակուրդ գնացել է 30-35 հոգի, որոնք տանն իրենց խնամքին ծնողներ կամ զավակներ ունեն եւ չեն կարող օրեր շարունակ բացակայել: ԲԿ-ն արձակուրդ է ուղարկել նաեւ 60+ աշխատակիցներին եւ քրոնիկ հիվանդություն ունեցողներին։ ԲԿ-ում երեկվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդ 46 մարդ կար:

«Բոլորը շնչում են ինքնուրույն, չկա մարդ, որ արհեստական շնչառությամբ լինի կամ անգիտակից, կամ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասաց խոսնակը: Բուժսպասարկումն իրականացվում է հիվանդանոցի ուժերով։ «Մեր նախաձեռնությամբ միայն Նորքից մեկ ինֆեկցիոնիստ ենք հրավիրել, ով եկել, խորհրդատվություն է տվել այսօր օրվա առաջին կեսին ու գնացել»: