Արցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել այնտեղ հայտնաբերված կորոնավիրուսի վարակման դեպքի պատճառով։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ' այս մասին ապրիլի 7–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղում ապրում է ընդամենը 40 ընտանիք, որոշել ենք գյուղի բոլոր բնակիչների համար սահմանել ինքնամեկուսացման ռեժիմ' վարակի տարածումը հնարավորինս կանխելու համար»,– ասաց պետական նախարարը։

Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է ապրիլի 7–ին։ Միրիկ գյուղի բնակիչը Արցախ էր վերադարձել Հայաստանից։ Նրա հետ շփման մեջ եղած 17 անձ մեկուսացվել է։