Դուբայում տնից դուրս գալու համար ոստիկանության թույլտվություն է պահանջվում։ Ինչպես հայտնում է CNBC-ը, Դուբայի բնակիչները, արդեն երկու շաբաթ փակի տակ են գտնվում, փակ են բոլոր ձեռնարկությունները, բացի հիմնականներից, արգելված են միջոցառումները բաց երկնքի տակ, ներառյալ ֆիզիկական վարժությունները։

Կիրակի օրվանից սկսած՝ տնից դուրս գալը , որն «անհրաժեշտ» էր համարվում եւ ներառում էր իր մեջ մթերային խանութներ, դեղատներ կամ բժշկին այցելություն, այժմ պահանջում է Դուբայի ոստիկանության թույլտվությունը, որը առցանց ռեժիմով է տրվում։ Դուրս գալիս անհրաժեշտ է կրել դիմակ եւ ձեռնոցներ։

Կանոնները գործում են երկու շաբաթվա ընթացքում եւ թարմացման ենթակա չեն։

Թույլտվության դիմումները պետք է առցանց տալ Դուբայի ոստիկանություն, որից հետո դիմումատուն պետք է մեկանգամյա կոդ ստանա՝ տեքստային հաղորդագրության տեսքով։ Այնուհետեւ հավելվածը պահանջում է գրել հեռախոսահամարը, հասցեն, ազգային նույնականացման համարը, դուրս գալու պատճառը, գնալու վայրը, ժամանակն ու ամսաթիվը, ինչպես նաեւ ավտոմեքենայի պետհամարանիշը։

Իշխանությունների խոսքերով՝ թույլտվություն չունենալու համար ոստիկանության կողմից կալանավորված անձինք կարող են տուգանվել կամ նույնիսկ դատական պատասխանատվության ենթարկվել։

Վերջին տվյալներով՝ ԱՄԷ-ում կորոնավիրուսի 2076 դեպք կա, մահացել է 11 մարդ։