«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի շենքերի և տարածքների մաքրման աշխատանքների կազմակերպման համար սույն թվականի փետրվարի 3-ին մրցույթ է հայտարարվել: Մրցույթին մասնակցող ընկերությունները 4-ն էին' «SKY GROUP» ՍՊԸ-ն, «FEKA LUXS» ՍՊԸ-ն, «CLEANERS» ՍՊԸ-ն և «CLEAN LINE» ՍՊԸ-ն.

Մեր տեղեկություններով, մրցույթի ընթացքում լուրջ խմորումներ են առաջացել: Բանն այն է, որ շուրջ 10 տարվա ընթացքում նշված ծառայություններն իրականացնելու համար երբևիցե մրցույթ չի հայտարարվել և պայմանագիրը կնքվել է միայն «ՖԵԿԱ-ԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ի հետ:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մրցույթին մասնակցող «ՍԿԱՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Անի Մաթևոսյանը նշեց, որ հավանաբար հեղափոխությունից հետո շատ կազմակերպություններ փոխել են իրենց դիրքորոշումը և կոռուպցիոն, մոնոպոլ մթնոլորտի ստեղծման վտանգից զերծ մնալու համար սկսել են պայմանագրեր կնքելուց առաջ մրցույթ հայտարարել. «Ինձ համար զարմանալի էր մրցույթի անցկացումը, քանի որ տարիներ շարունակ մեկ կազմակերպություն է մատուցել այդ ծառայությունները: «ARMENIA» միջազգային օդանավակայանի կողմից հայտարարված մրցույթի փաթեթների բացման նիստը տեղի է ունեցել մարտի 10-ին, չնայած որ մրցույթի փաստը ի սկզբանե հուսադրող էր, սակայն բացման նիստին տարօրինակ իրադարձություններ են տեղի ունեցել: Առաջինը' բացակա մասնակցի ծրարի բացման խոչընդոտումն էր հանձնաժողովի որոշ անդամների կողմից, երկրորդն այն էր, որ հանձնաժողովի անդամները ուշադրություն չէին դարձնում գնային առաջարկներին և ոչ մի տարբերակով չհամաձայնվեցին բարձրաձայնել առաջարկված գինը յուրաքանյուր կազմակերպության կողմից, ինչը նույնպես տարօրինակ էր: Այնուհետև գնահատող հանձնաժողովը մեզ ասաց, որ բոլոր փաստաթղթերը ստուգելուց հետո որակավորված ընկերության ներկայացուցիչները կհրավիրվեն գների նվազեցման շուրջ բանակցությունների' մարտի 17-ին, որը, սակայն, տեղի չունեցավ: Մարտի 16-ին մեզ նամակ գրեցին, որ որակավորում չենք անցել և ոչ միայն մենք, այլև այն կազմակերպությունը, որը 10-յակ տարիներ գործել է օդանավակայանում: Պատճառաբանեցին, թե մեր ընկերությունը չի համապատասխանում իրենց կողմից ներկայացված պահանջին' նվազագույն 5 տարվա մասնագիտական փորձ ունենալուն, չնայած նրան, որ մեր կողմից ներկայացված փաթեթում առկա էին փաստաթղթեր, որոնք վկայում էին՝ 2015թ. սկսած մեր ծավալած գործունեության մասին: Մեր բոլոր փորձերն' ինչ-որ պատասխան ստանալու տվյալ որոշման առթիվ, ապարդյուն էին: Դրանից հետո մենք վերջնական բողոք ներկայացրեցինք ՀՀ ֆինանսների նախարարության գնումների հետ կապված բողոքներ քննող անձին, որպեսզի «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն փոխի մեր ընկերությանը չորակավորելու հանգամանքը, կայացնի մեր կազմակերպությանը որակավորելու որոշում և շնորհի պայմանագրի կնքումը: Հուսով եմ, որ հետևելով ՀՀ վարչապետի հորդորներին՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձը արդար կգտնվի և մենք իրոք ականատես կլինենք օրինական որոշման կայացմանը»,- ասաց Անի Մաթևոսյանը:

Նկատի ունենալով, որ մրցույթի արդյունքների վերաբերյալ մասնակից «ՍԿԱՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն բողոք է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարության գնումների հետ կապված բողոքներ քննող անձին՝ Գրիգոր Ներսիսյանին, փորձեցինք կապ հաստատել վերջինիս հետ և պարզել՝ հնարավո՞ր է, որ տվյալ մրցույթի Գնահատող հանձնաժողովը թույլ տար ակնհայտ խախտում մասնակիցների որակավորման հարցում: Սակայն Գրիգոր Ներսիսյանը հրաժարվեց բանավոր պատասխանել այս և մեզ հուզող մյուս հարցերին՝ նշելով, որ դրանք ուղարկենք էլեկտրոնային հասցեին խոստանալով' «Մի հրապարակեք հոդվածը, մենք սեղմ ժամկետում կպատասխանենք», սակայն 2 օր է նրանից պատասխան չենք ստանում: Նշենք, որ ապրիլի 9-ին նշանակված նիստը, որի ժամանակ պետք է հրապարակվեր այս բողոքի վերաբերյալ որոշումը, մեր հեռախոսազանգերից հետո հետաձգվեց: Gnumner.am կայքում տեղադրվեց տեղեկություն նիստի անժամկետ հետաձգման մասին:

Փորձեցինք զրուցել նաև մրցույթի Գնահատող հանձնաժողովի քարտուղար Գուրգեն Սարգսյանի հետ, ով նախ ասաց, որ տեղը հարմար չէ և չի կարող պատասխանել մեր հարցերին, այնուհետև ավելացրեց, որ ինքը կարող է տալ ցանկացած հարցի պատասխան, բայց երբ վերադառնա արձակուրդից, իսկ նա աշխատանքի կվերադառնա մայիսի մեկից հետո միայն: Ելնելով այս ամենից' մենք մեր ուշադրության կենտրոնում կպահենք հետագա զարգացումները և կողմերից պատասխան ստանալու դեպքում' կհրապարակենք նաև նրանց տեսակետը: