Ամբողջ աշխարհում ավիացիայի ոլորտը լավ ձևավորված է, և շատ են  սահմանված ստանդարտները, որոնց պետք է համատասխանել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի ոլորտի փորձագետ, օդաչու Դմիտրի Ադբաշյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ոլորտում արձանագրված խնդիրներին: 

 

«Մենք ավիացիա չունենք: Ավիացիոն ոլորտը շատ կատարելագործված է, հստակ ստանդարտներով: Միջազգային բոլոր կազմակերպությունները պահանջում են, որ այդ ոլորտը լինի ինչպես անվտանգ, այնպես էլ՝ արդյունավետ: Կան որոշ ստանդարտներ, որոնց պետք է յուրաքանչյուր ավիաընկերություն համապատասխանի: Եթե ստանդարտներին չես համապատասխանում, ճիշտ էլ անում են, որ գործունեությունը կասեցնում են: Տարիներ շարունակ մեր ավիացիան քանդում են, մենք ոչինչ չունենք: Սա մեկ օրում առաջացած խնդիր չէր»,- ասաց նա:

Ադբաշյանն անդրադարձավ նաև ոլորտի կադրային խնդիրներին, մասնավորապես նշելով, որ հայ օդաչուները հիմա արտերկրում են աշխատում, մինչդեռ մեծ սիրով կվերադառնային ու հայրենիքում կաշխատեին:

Հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչ խնդիրներ կարող է առաջացնել ազգային փոխադրող չունենալը, նա նշեց. «Ազգային փոխադրող չունենալը շատ մեծ թերություն է, քանի որ բոլոր երկրները ունեն ազգային փոխադրողներ, իսկ մենք՝ չունենք: Որպես կանոն պետությունը բաժնեմաս է ունենում ազգային փոխադրողից, արդյունքում՝ ազդում նաև նրա թռիչքների քաղաքականության վրա, ինչպես նաև կադրային քաղաքականության վրա»:

 

Անդրադառնալով ՀՀ վարչապետի արդեն նախկին ավիացիոն հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի հրաժարականի թեմային, նա ասաց. «Դժվարանում եմ մեկնաբանաել, քանի որ պատճառները չգիտեմ: Գուցե նրան ասել են, որ գնա կամ ինքն է ինչ-որ դժգոհություններ ունեցել»:

Նշենք, վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկվում էր այն հարցը, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն զրկվել է դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու լիցենզիայից: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ոչ թե լիցենզիայից է զրկվել, այլ փետրվար ամսվա ստուգումների արդյունքները այնքան էլ գոհացնող չեն, որի արդյունքում էլ հնարավոր է լիցենզիայից զրկեն: Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ  Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, նշելով, որ կոմիտեն չի զրկվել լիցենզիայից, բայց կան խնդիրներ, որոնք տարիների պատմություն ունեն: