Մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը պատմեց, որ ինքն ունի կորոնավիրուսի բոլոր ախտանշանները, սակայն իրեն չեն թեստավորում: Թեժ գծից պատասխանել են, որ դիմի տեղամասային պոլիկլինիկա, երբ ցուցում կտան, նոր թեստավորում կանցկացնեն, այնուհետև նշել են՝ եթե կորոնավիրուսով հիվանդների շրջանակի հետ չի առնչվել, չեն էլ թեստավորի:

«Այսօրվանից Հայաստանում ընդլայնվում է մարդկանց ցանկը, որոնց կորոնավիրուսի թեստ է անցկացվելու։ Թոքաբորբ ունեցող բոլոր պացիենտներին կորոնավիրուսի թեստ է կատարվելու: Թեստավորվելու են նաև բուժաշխատողները, որոնք շփվել են պացիենտների հետ, ում մոտ կորոնավիրուսային վարակ է կասկածվում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Առողջապահության և սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանում շարունակելու են կորոնավիրուսի թեստեր կատարել՝ ըստ համաճարակաբանական ցուցումների, այսինքն այն անձանց, ովքեր շփվել են հիվանդների հետ, ինչպես նաև այն անձանց, ովքեր դուրս են գալիս 14-օրյա մեկուսացումից։

«Այս պահի դրությամբ ունենք 12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել: Մահացածը եղել է 81 տարեկան, ունեցել է քրոնիկ հիվանդություններ: Մեր խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով՝ գնալ առաջ»,- ասաց նախարարը: