- Տիկի՛ն Զոհրաբյան, մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, որ ՀՀԿ-ն գրեթե սրբազան պատերազմի է պատարստվում' Երեւանը, ինչպես իրենք են ասում, չհանձնելու համար: Ավելին, ՀՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը օրերս հայտարարեց, թե Երեւանն իրենք «բրոնյա» են արել: Սա արդյոք չի նշանակում, որ իշխանությունը հերթական անգամ որեւէ քայլի առաջ չի կանգնելու' այս անգամ արդեն քաղաքային իշխանությունը պահելու համար:

-Ժամանակն է, որ ուժերը, որոնք առաջնորդվում են ամեն գնով իշխանություն պահելու ֆիքսացիայով, վերջապես հասկանան, որ ժողովրդի փոխարեն անընդհատ ընտրություն կատարելով' իրենք երկիրը տանում են վերջնական փակուղի: Բոլոր կարգի ամբարտավան հայտարարությունները' Երեւանը բրոնյա անելու, Երեւանը չհանձնելու մասին, վստահ եղեք' մայիսի 5-ին իրենց պատասխանը ստանալու են: Ուզում եմ զգուշացնել քաղաքային այս ընտրությունը հերթական' կենաց-մահու պայքարի վերածելու մտադրություն ունեցողներին: Արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր կան գոյություն չունեցող հասցեներում մարդկանց գրանցումների, տարբեր խանութպան-պատգամավորներին պատկանող խանութների նկուղների վրա հարյուրավոր մարդկանց գրանցումների, ինչպես նաեւ ոստիկանական այլ «նյու-հաուների» մասին: Այս ամենը հատ- հատ եւ կոնկրետ պատասխանատուների անուններով ներկայացվելու է երեւանցուն: Համախոհ քաղաքական ուժերի հետ միասին թույլ չենք տալու, որ հերթական անգամ ժողովրդի քվեն կեղծեն ու իմիտացիաներով տարբեր կարգի եվրոչինովնիկ կերակրեն:

-Ըստ որոշ տեղեկությունների, եթե ընտրությունները օրինական չլինեն, ԲՀԿ-ն եւ մի քանի այլ քաղաքական ուժեր հրաժարվելու են եւ չեն վերցնելու Երեւանի ավագանու մանդատները:

-Այլ քաղաքական ուժերի անունից խոսել չեմ կարող: Մեզ համար, այո, որեւէ մանդատ ինքնանպատակ չէ: Եւ եթե հերթական անգամ փորձ արվի խեղաթյուրել ընտրողի քվեն' բնականաբար, ԲՀԿ-ն չի ընդունելու ընտրությունների արդյունքն, ու ոչ օրինական ընտրված քաղաքային իշխանությունում մենք մանդատ չենք վերցնելու: Բայց ես վստահ եմ, որ մենք կոտրելու ենք քաղաքական մենաշնորհն ու հաղթելու ենք: