Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում Երեւանում հնչած կրակոցների եւ սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Շենգավիթի քննչական բաժնի խումբը դեպքից 1 օր անց այցելել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվել էր կրակոցի արդյունքում հրազենային վնասվածք ստացած Երեւան քաղաքի Եղբայրության 24 շենքի բնակիչ՝ 35-ամյա Ռուդոլֆ Մելոյանը։

Կայքի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ վիրավորը հիվանդանոցից իր կամքով դուրս է գրվել՝ բժիշկներին հայտնելով, որ ինքը իրեն լավ է զգում ու հետագա բուժումը ցանկանում է անցկացնել տնային պայմաններում, մինչդեռ դեպքի օրը հիվանդանոց այցելած իրավապահներին բժիշկը հայտնել է, որ նա ի վիճակր չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիճակը ծանր է։

Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաեւ Mercedes մակնիշի համարանիշը, որով կրակոցներից հետո կասկածյալները հեռացել էին դեպքի վայրից։

Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով անհայտ քաղաքացու կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել էին ատրճանակից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները:

Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝ վիրավորը Եղբայրության փողոցի բնակիչ, 35-ամյա Ռուդոլֆ Մելոյանն է: