Հայաստանում մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն՝ 30-օրյա ժամկետով: Մեկամսյա ժամկետն ավարտվեց երեկ, սակայն արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած կորոնավիրուսը շարունակում է նույն տեմպով տարածվել, այս փաստի հետ հաշվի նստելով՝ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ժամկետը: Որոշումը, օրենքի սահմանած կարգով, քննարկվեց ԱԺ արտահերթ նիստում, որի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդեց, որ կառավարության որոշումն անօրինական է: Հղում տալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածին, նա պնդում էր, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը: ( «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի կետ 1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում' 60 օրը): ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հակադարձեց՝ ասելով, որ Մարուքյանն օրենքը նեղ իմաստով է մեկնաբանում: Մարուքյանը նորից հարց ուղղեց Ավինյանին՝ եթե արդեն երկրորդ անգամ 30 օրը լրանա, կարող ենք նորից 30 օր երկարաձգել: Ավինյանը պատասխանեց՝ ոչ, սակայն հենց այդ պահին արդարադատության և առողջապահության նախարարները տեղից հուշեցին, որ կարող են։ Պարետն ասաց՝ չէ լավ, կարող ենք ամեն 30 օրը լրանալուց հետո ևս 30 օրով երկարաձգել հղում անելով նույն հոդվածի երկրորդ մասին: (2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հանրապետության Նախագահի հրամանագրով' սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով): Կա արդյոք անօրինականություն կառավարման որոշման մեջ, թե խորհրդարանական ընդդիմությունն է այլ կերպ մեկնաբանում օրենքը, ԼՈՒՐԵՐ.com-ը փորձել է հասկանալ՝ զրուցելով իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ: «Օրենքում որևէ խնդիր առկա չէ: Մեր ողջ ՀՀ օրենսդրությունն ու Սահմանադրությունը ունեն ընդհանուր կանոն, և ընդհանուր տրամաբանությամբ ընդհանուր կանոնից կան բացառություններ, և, որ ամենակարևորն է, Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեկնաբանման կանոնները սահմանված են նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով: Հղում տալով այդ օրենքին՝ պիտի ասեմ, որ օրենքի ակտը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով ակտն ընդունող մարմնի նպատակը և դրանում պարունակվող բառերի, արտահայտությունների տառացի նշանակությունը: Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի հինգերորդ հոդվածի երկրորդ մասի տառացի նշանակությամբ հնարավոր է երկարաձգել արտակարգ դրությունը՝ չգերազանցելով առաջին մասով սահմանված ժամկետները»: Իրավաբանի խոսքով՝ նույնիսկ ելնելով այն պարզ տրամաբանությունից, որ արտակարգ դրությունն անկանխատեսելի իրավիճակ է, անկանխատեսելի է նաև դրա հայտարարման հիմքերի վերացման ժամկետները, օրենսդիր իշխանությունը չէր կարող գործադիրին կոնկրետ ժամկետում սահմանափակել: Հենց դրա համար հինգերորդ հոդվածի երկրորդ մասով հնարավորություն է տրվում ժամկետները երկարաձգելու: Հարցին՝ արդյոք առաջին երկարաձգման ժամկետի ավարտից հետո կրկին հնարավոր է 30 օր երկարացնել, Մելոյանը պատասխանեց. «Ամեն 30 օրը մեկ հնարավոր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը, քանի դեռ չեն վերացել հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար»: Օրենքի մեկնաբանման շատ որոշակի կանոններ ունենք, ասում է իրավաբանն ու հավելում, որ տարօրինակ է օրենքն այսքան տարաբնույթ մեկնաբանելը: «Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե հնարավոր չէ երկարաձգել, պարզապես տարանջատված ու կիսատ մեջբերումներ են անում, հղում են կատարում միայն առաջին հոդվածին: Այս դեպքում մենք զրոյացնում ենք օրենքի ճկունությունն ու անտեսում օրենքի կառուցվածքը»: