Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 19:40-ի սահմաններում, Թամանցիների փողոցում՝ Nissan Tiida մակնիշի 35 SX 308 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև երկաթե էլեկտրասյանը, ապա մեկ այլ ծառի և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, իսկ մեկին՝ դուրս են բերել ավտոմեքենայից, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը: