Շիրակի մարզի Անի խոշորացված համայքնում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է գրանցվել։ Մահացողը Ձորակապ բնակավայրի 62-ամյա բնակիչ է. նրա մահվան դեպքը Հայաստանում արձանագրված 22 դեպքերից մեկն է, որի մասին հայտարարվել էր ապրիլի 20-ի առավոտյան: Համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ վիրուսի հայտնաբերումից կարճ ժամանակ անց տղամարդու վիճակը ծանրացել է, նրան տեղափոխել են Երևան' «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այնտեղ տղամարդու մոտ սրտի վիրահատության խնդիր է առաջացել, և նրան ստենտավորել են' փորձելով փրկել կյանքը։ Սակայն, ցավոք, տղամարդը մահացել է։ «Գյուղում իր բիզնեսն էր ծավալում: Գյուղատնտեսական ապրանքների առևտրով էր զբաղվում, ավտոմասեր էր վաճառում: Բոլորիս համար էլ անսպասելի էր ու զարմանալի, որ նրա մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց, ու հիվանդությունը սուր ընթացք ունեցավ ու մահացավ»,-ասաց Արտակ Գևորգյանը: Ըստ համայնքապետի, ձորակապցի տղամարդը հոսպիտալացվել էր մոտ քսան օր առաջ: Կորոնավիրուսի հաստատումից հետո նրա մոտ սրտի հետ կապված խնդիր էր առաջացել: Հենց Երևանում էլ տղամարդուն ստենտավորել էին: «Ստենտավորումից հետո գրեթե ութ օր ապրեց, բայց ցավոք մահ է արձանագրվել»,- նշեց Արտակ Գևորգյանը:

Անի խոշորացված համայքնում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է ապրիլի վեցին: Երկրորդ դեպքը գրանցվել է ապրիլի 19-ին (նա ապրիլի 20-ին հայտարարված 90-ամյա քաղաքացին է): Մարալիկում այս պահին խիստ հսկողություն է սահմանված, պարետի որոշմամբ, նաև տեղաշարժի սահմանափակումներ կան: