Արա Խաչատրյանը, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, գրանցվել է որպես «Յուքոմ» ընկերության տնօրեն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱՆ խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը: Քիչ առաջ ընկերության արդեն նախկին տնօրեն Հայկ Եսայանը տեսաուղերձով պաշտոնապես հայտարարել էր, որ դադարեցնում է «Յուքոմ» ընկերությունով զբաղվել։ Հիշեցնենք, որ վերջին օրերին «Յուքոմ» ընկերությունում խմորումներ էին սկսվել: Ըստ լրատվամիջոցների` տնօրենների խորհրդում խնդիրներ էին ծագել Ucom-ի ու Beeline-ի հնարավոր միաձուլման պատճառով։ Ընկերության բաժնեմասերի ղեկավարները միմյանց դեմ էին դուրս եկել և հակասական տեղեկություններ  էին տարածում միմյանց մասին: Բանն այն է, որ ապրիլի 10-ին ընկերության 856 աշխատակից հեռանալու դիմում էր գրել, այդ թվում ընկերության բաժնետերերից Ալեքսանդր և Հայկ Եսայանները: Այնուհետև հաղորդագրություն էր տարածվել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։ Նոր գլխավոր տնօրեն է ընտրվել Արա Սերգեյի Խաչատրյանը: