Քաղաքացի Սամվել Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանը մի քիչ չափազանցնում է։ 2016 թվականին Կենտրոնական Բանկի նախագահը որոշեց տեռոր անել իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Կենտրոնական Բանկը' իր ներքին նկարահանող սարքերով արված լուսանկարները տրամադրեց կրիմինալին, որ մեզ իդենտիֆիկացնեն։ Ջավադյանին թվում էր, թե նա անխոցելի է։ Այս հարցը լուծեցի հանրայնացնելով։ Լրատվամիջոցների մի մասը ընկերական հարաբերություններից ելնելով, մյուսը' մասնագիտական մոտեցման արդյունքում, սկսեցին ակտիվ լուսաբանել խնդիրը։ Ջավադյանն իր ուզածին չհասավ։ Լրատվամիջոցների մեծ մասը, սակայն, ինձ փորձեց բացատրել, որ ՊՈԱԿ-ից լուսաբանման «դաբռո» չկա, որ իրենք չեն ուզում հարաբերություն փչացնել իշխանությունների հետ, որ հովանավորների մեջ բանկեր կան, որոնք զանգել ասել են, որ չլուսաբանենք այս թեման։ Եղան լրատվամիջոցներ, որոնք համաձայնվեցին լուսաբանել, բայց ասացին, որ հենց կարողացան պայմանավորվել ԿԲ-ի հետ ֆինանսի մասին, իրենք եւս կդադարեցնեն լուսաբանումը։ Հիմա Փաշինյանը , որ ասում է 99 ծախված են, մի քիչ չափազանցնում է։ Բայց այն, որ լրատվական դաշտի մոտավորապես 70 տոկոսը «վատ» ձևով փող է աշխատում, ինձ համար դա ապացուցված փաստ է։ Առանձին շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Lurer.com, hetq.am, past.am, eadaily.com, azatutyun.am, 4rd.am կայքերին»,- գրել է նա: Հիշեցնենք, որ դեռևս 2016թ. Սամվել Սահակյանը հայտարարություն էր տարածել, որտեղ մեղադրել էր ԿԲ-ին' անձնական բնույթի տեղեկատվությունն անօրինական կերպով այլ անհատներին տրամադրելու, բիզնեսի խլման գործընթացին անմիջական մասնակցություն ունենալու մեջ: Այնուհետև Սահակյանը մեկ այլ հայտարարությամբ ԿԲ-ին մեղադրել էր իր անձնական կյանքին առնչվող տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու մեջ։