Առաջիկա օրերին կազմակերպվելիք 3 չվերթով Հայաստան կվերադառնա մոտ 700 ՀՀ քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մոտակա օրերին երեք չվերթ է կազմակերպվում, որի արդյունքում մենք կունենանք Հայաստան վերադարձած մոտ 700 քաղաքացի»,- ասաց Մնացականյանը։

Նախարարը թվարկեց տարբեր քաղաքներից Հայաստան վերադարձած քաղաքացիների թվերը։

«Մարտի 15-ին Հռոմից վերադարձել է 67 հոգի, մարտի 26-ին Անգոլայից' 24 հոգի, մարտի 28-ին Լեհաստանից' 4 հոգի, մարտի 31-ին Հանդկաստանից' 68 հոգի, ապրիլի 6-ին Մոսկվայից' 234 հոգի, ապրիլի 7-ին Մոսկվայից' 226 հոգի, ապրիլի 10-ին Թել Ավիվից' 10 հոգի, ապրիլի 10-ին Վաշինգտոնից' 35 հոգի, ապրիլի 11-ին Թուրքիայից' 73 հոգի, ապրիլի 12-ին Մոսկվայից' 230 հոգի, ապրիլի 13-ին Սուդանից' 8 հոգի, ապրիլի 19-ին Կրասնոդարից' 100 հոգի, ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից' 100 հոգի»,- ասաց նախարարը։

Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար քաղաքացի։