Նոր կորոնավիրուսի գլխավոր հետևանքը լինելու է տնտեսության անկումը, ընկերությունների գործունեության դադարումը, զանգվածային գործազրկությունը: Նման պայմաններում որոշ երկրներ որոշել են իրենց քաղաքացիներին վճարել որոշակի գումար, որոնք ոչ միայն կօգնեն նրանք գոյատևել ծանր ժամանակահատվածում, այլև կխթանեն բիզնես գործունեության շարունակումը:

 

 

Գերմանիա (սկսած 5,000 եվրոյից` 2,562,500 դրամ)

Գերմանիայում իշխանությունները ինքնազբաղ քաղաքացիներին և անհատ ձեռնարկատերերին շնորհում են գումարներ՝ սկսած 5,000 եվրոյից: Պետությունում նվազագույն աշխատավարձի չափը կազմում է մեկ ժամի համար 9,35 եվրո, իսկ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ամսական 1,500 եվրո: Փոքր ընկերությունները, որոնք ունեն մինչև 5 աշխատակից, կարող են մինչև 9,000 եվրոյի նպաստ ստանալ, իսկ մինչև 10 աշխատակից ունեցողները՝ մինչև 15,000 եվրո: Գումարը տրվում է ոչ թե  վարկի տեսքով, այլ որպես «օգնություն»:

 

Մեծ Բրիտանիա (մինչև 2,500 ֆունտ՝ 1,455,000 դրամ)

Մեծ Բրիտանիայում ինքնազբաղ քաղաքացիներն իրավունք ունեն մինչև 2,500 ֆունտ նպաստ ստանալու այն պայմանով, որ մինչ այդ իրենց եկամուտի ոչ պակաս, քան կեսը ստացվել է ինքնազբաղ աշխատանքից, վճարվել են հարկեր, և նրա տարեկան եկամուտը չի գերազանցել 50,000 ֆունտը: Միջին տարիքի աշխատավորների համար ամսական նվազագույն աշխատավարձը կազմում է մոտ 1,300 ֆունտ:

 

Հոնգ Կոնգ (10,000 հոնգկոնգյան դոլար՝ 575,839 դրամ)

Այս պետությունը բոլորից առաջ է անցել իր քաղաքացիներին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցում: Հոնգ Կոնգում 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ կարող է ստանալ 10,000 հոնգկոնգյան դոլար: Անապահով խավի ներկայացուցիչների բնակարանների վարձերը ևս փոխհատուցվում են: Կղզում նվազագույն եկամուտը կազմում է ամսական 4,600 հոնգկոնգյան դոլար:

 

ԱՄՆ (1,200 ԱՄՆ դոլար՝ 570,000 դրամ)

ԱՄՆ քաղաքացիներին, որոնց տարկան եկամուտը պակաս է 75,000 ԱՄՆ դոլարից, տրվում է մինչև 1,200 ԱՄՆ դոլարի սոցիալական աջակցություն, իսկ անապահով ընտանիքների երեխաներին՝ 500 ԱՄՆ դոլար: Որքան բարձր է եկամուտը, այնան փոքր է աջակցության չափը: Այն մարդիկ, որոնք տարեկան ունենում են ավելի քան 99,000 դոլարի եկամուտ, սոցիալական աջակցություն ստանալու իրավունք չունեն: Երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է մեկ ժամի համար 7,25 դոլար կամ ամսական 1,160 դոլար: Հարկ է նշել, որ որոշ նահանգներում բնակիչներին լրացուցիչ օգնություն ևս տրամադրվում է:

 

Ճապոնիա (100,000 յեն՝ 414,788 դրամ)

Ճապոնիայում գումար ստանում են բոլորը՝ անկախ տարիքից, եկամուտներից ու աշխատանքային դիրքից: Սկզբում կառավարությունը նախատեսում էր օգնություն ցույց տալ միայն այն ընտանիքներին, որոնք տուժել են կորոնավիրուսի հետևանքով, սակայն հետագայում որոշեց աջակցություն տրամադրել յուրաքանչյուր քաղաքացու: Ճապոնիայում նվազագույն աշխատավարձը բավականին բարձր է. 40-ժամյա աշխատանքային շաբաթվա համար այն կազմում է մոտ 150,000 յեն: