Երեկ մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ Վանաձորի «Գլորիա» արտադրամասի աշխատակիցներն ինքնակամ գնացել են աշխատանքի, սակայն ոստիկանները արգելել են նրանց աշխատել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նրանց մի մասին տուգանել են, ոմանց էլ ոստիկանական բաժանմունք տարել: Թե ինչ է համապատասխանում իրականությանը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը ճշտեց նույն արտադրամասի աշխատակիցներից մեկից: «Մեզ ոչ ոք չէր կանչել աշխատանքի, մենք մեր կամքով վաղ առավոտյան գնացինք աշխատանքի: Տնօրենն ասաց, որ չենք կարող աշխատել, բայց մենք որոշեցինք աշխատել, քանի որ այս տարբերակով անհնար է: Մենք չգիտենք ինչպես ապրել, որտեղից օրվա հաց գնել»,-ասաց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ քիչ ուշ արտադրամաս են գնացել ոստիկաններ: «Սոցիալական աջակցության ծրագրերից ոչ մեկում ներառված չենք, վարչապետն էլ թույլ չի տալիս, որ աշխատենք: Մեր արտադրամասում 2000-ից ավելի մարդ է աշխատում: Դա նշանակում է, որ այդքան մարդ օրվա հարցի խնդիր ունի: Ստիպված էինք գնալ այդ քայլին: Ոստիկաններն էլ եկան ու մեզ դուրս շպրտեցին արտադրամասից, ոմանց տուգանեցին»,-ասաց նա: Մեր զրուցակիցը նշեց, որ մոտ երեք ժամ են աշխատել, այնուհետև տնօրեն Բագրատ Դարբինյանն իրենց խնդրել է, որ տուն գնան: «Մենք ուզում ենք աշխատել, քանի որ այսպես չենք կարող, անհնար է՝ առանց աշխատանքի ոնց ապրենք, որտեղից հացի գումար գտնենք»,-սրտնեղեց նա: