Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել Ներքին գործերի նախարարություն, այդպիսով՝ ամբողջությամբ կփոփոխվի ոստիկանության համակարգը: Նախատեսվում է ստեղծել Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն: Ներքին գործերի նախարարություն ստեղծելը տարիներ շարունակ եղել է օրվա իշխանությունների օրակարգում, սակայն այս նախագիծն իրականացմանը առավել մոտ էր Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին: Մասնավորապես, 2014 թվականին Ջերմուկում ունեցած ելույթում Աբրահամյանը շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց իր այդ մտադրության մասին: Անակնկալ՝ նույնիսկ ոստիկանության համար: Այն ժամանակ ոստիկանապետը բավական սուր կերպով ընդդիմացավ Աբրահամյանի այս նոու-հաուին, այն պարզ պատճառով, որ ՆԳՆ ստեղծման դեպքում այն դուրս էր բերվելու նախագահի անմիջական վերահսկողության տիրույթից, իսկ ընտրություններից հետո էլ կառույցը դառնալու էր քաղաքական կուսակցությունների սակարկման առարկա՝ այդ պրոցեսի մեջ ներքաշելով ոստիկանությանը: Ինչևէ, այսօր ՆԳՆ ստեղծելու ծրագիրը իրականացնում են արդեն հեղափոխական իշխանությունները: Ի դեպ, սա միակ դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը շարունակում է և տրամաբանական ավարտին է հասցնում Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած ռեֆորմները: Այդպես եղավ կուտակայինի հետ, երբ ընդդիմության պրեսինգի տակ ծրագիրը առկախվեց և հետաձգվեց, սակայն հեղափոխությունից հետո այդ բաղադրիչը քննադատած անձինք այն կյանքի կոչեցին: Ինչպես երևում է, թեև Հովիկ Աբրահամյանի կենացը Փաշինյանը չի ցանկանում խմել, սակայն վերջինիս կիսատ թողած գործերը ավարտին հասցնելու հարցում՝ առաջամարտիկ է…