Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 2019թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ը ներառյալ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 82.992.200 ՀՀ դրամ (շուրջ 174 հազար դոլար): Գրասենյակն այս պահին ունի 48 աշխատակից: Տվյալները համադրելիս ստացվում է, որ գրասենյակի աշխատակիցներին հատկացվել է միջինը 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ամսական պարգևավճար, որն էլ համամասնորեն աշխատակիցների միջև բաժանելու դեպքում՝ ստացվում է յուրաքանչյուրին ամիսը 520 դոլար պարգևավճար: Դժվար է, իհարկե, ենթադրել, թե կատարված որ արդյունավետ աշխատանքի դիմաց է կառավարությունը այդչափ բարձր գնահատել Սինանյանի կանտորայի գործունեությունը: Դիցուք, այսօր ապրիլի 24-ն է` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը: Ի՞նչ աշխատանք է կատարել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մի հարցով, որը թերևս իրենց ամենաշատն է վերաբերվում` հաշվի առնելով, որ եթե չլիներ ցեղասպանությունը՝ չէր լինի նաև հայկական սփյուռքը, որի իրավունքները պաշտպանելու, առաջ մղելու նպատակով էլ ստեղծվել է այս կառույցը: Մի կողմ դնենք ներգաղթը, որը դեռևս գիտական ֆանտաստիկայի ժանրից է: Սինանյանը հայտարարում էր, որ մեծ կապեր ունի ԱՄՆ-ում որոնք պետք է մոբիլիցազնի ի զահ Հայաստանի: Մինչ Սինանյանը մոբիլիցազնում էր իր երևակայական կապերը, ԱՄՆ-ում Հայ Դատի գրասենյակի ջանքերի արդյունքում ի վերջո ընդունվեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչող հայտնի բանաձևը: Ինչին ի պատասխան` Սինանյանը հպարտորեն հայտարարեց, որ սա ևս մեկ ապտակ էր Թուրքիային: Միայն թե հասկանալի չէ՝ այդ ապտակի հետ ի՞նչ կապ ունեն Սինանյանը և իր գրասենյակը: Իր բազմաթիվ այցերի, գործուղումների ժամանակ արդյո՞ք Սինանյանը բարձրաձայնել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին, քննարկե՞լ է արդյոք միջազգային կառույցների հետ այն ուղիները, որոնցով կարող ենք մեր պահանջատիրական հայտը ներկայացնել: Համաձայն կանոնադրության՝ գրասենյակի կարևորագույն խնդիրներից մեկն է համահայկական կառույցների ամրապնդումը և համահայկական խնդիրների լուծման գործում դրանց դերակատարության բարձրացումը: Անզեն աչքով էլ երևում է, որ այդ ուղղությամբ դեռ ոչինչ չի արվել, սակայն, Նոր Հայաստանում ոչինչ չանելով էլ կարելի է 174 հազար դոլարի շնորհակալության արժանանալ…